Մատչելիության հղումներ

Ախալցխայի անտառներում բռնկված հրդեհը մարել առայժմ չի հաջողվում


Հրդեհը Ախալցխայի անտառում, 9-ը օգոստոսի, 2010թ.
Հրդեհը Ախալցխայի անտառում, 9-ը օգոստոսի, 2010թ.

Հարյուրավոր հրշեջներ, փրկարարներ ու կամավորներ արդեն շուրջ մեկ շաբաթ է` պայքարում են Վրաստանի հայաշատ Ախալցխայի շրջանի անտառներում բռնկված հրդեհների դեմ։

«Ուժգին քամու եւ բարձր ջերմաստիճանի պատճառով պայքարը ավելի է բարդանում, սակայն իրավիճակը վերահսկվում է», - նախօրեին վրացական «Ռուսթավի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարար Գեորգի Խաչիձեն։

Վերջինիս խոսքով, հրշեջներից ու կամավորներից բացի, կրակի դեմ պայքարում գործի են դրվել նաեւ Արտակարգ իրավիճակների, Պաշտպանության նախարարության եւ օդուժի հնարավորությունները: «Բնակչությանը վտանգ չի սպառնում, սակայն կրակը մեծ վնասներ է հասցրել թե' տնտեսական, թե' բնապահպանական տեսանկյունից», - հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի նախարարը։

Պաշտոնական տվյալներով, օգոստոսի 4-ից բռնկված հրդեհի արդյունքում արդեն շուրջ 25 հեկտար անտառ է այրվել: «Այդուամենայնիվ, դեռեւս վաղ է հստակ նշել վնասի չափը, քանի որ կրակը բռնկվել է լեռներում` բարձրադիր շրջաններում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց «Վիրք» կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանը։

Վերջինիս խոսքով` մասնագետներին հաջողվել է հիմնականում տեղայնացնել հրդեհները: «Ես զրուցեցի Ախալքալակի մունիցիպալիտետի հրշեջ ծառայության տնօրենի հետ, նրա հավաստմամբ` հրդեհի բոլոր օջախները արդեն տեղայնացվել են, այժմ պրոֆիլակտիկ աշխատանքներ են տարվում` նոր բռնկումներից խուսափելու համար», - փոխանցեց Ռստակյանը։

Հրդեհը ծագել է Ախալցխայի եւ մերձակա այլ շրջաններում վերջին շաբաթներին արձանագրվող ուժեղ շոգի հետեւանքով, երբ օդի ջերմաստիճանը չի իջնում 38-40 աստիճանից, իսկ անձրեւ չի տեղացել արդեն մեկեւկես ամիս:

Այդուհանդերձ, Վրաստանի շրջակա միջավայրի նախարարը երեքշաբթի օրը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, թե կանխամտածված հրկիզում է տեղի ունեցել:

«Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Սամցխե-Ջավախեթիի անտառներում հրդեհը ծագել է կանխամտածված հրկիզման պատճառով, եւ քննությունը արդեն ունի կասկածյալներ», - հայտարարել է Խաչիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG