Մատչելիության հղումներ

Սերժ Թանկյանը խիստ է լրագրողների նկատմամբ


Հանրահայտ ռոք երաժիշտ, System of a down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը օգոստոսի 12-ին Երեւանում նախատեսված բացառիկ համերգից առաջ նաեւ յուրատեսակ հանդիպում կունենա հայ լրագրողների հետ: Բանն այն է, որ լրագրողներից պահանջվում է նախապես ուղարկել այն հարցերը, որ պատրաստվում են ուղղել Թանկյանին, վերջինս պետք է ընտրի, թե որոնց կպատասխանի «թատերականացված» մամլո ասուլիսի ժամանակ:

Ասուլիսի հավատարմագրման հայտում գրված է, որ «Ժամանակի սղության պատճառով երգիչը կարող է պատասխանել միայն իր կողմից ընտրված սահմանափակ քանակով հարցերի»: Սերժ Թանկյանի համերգի կազմակերպիչ Deem Communications ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը բացատրեց, որ իրենց համար էլ սա նորություն էր` պարտադրված Թանկյանի մենեջերների կողմից:

«Ժամանակը կարճ է, բացի այդ, ինչքան հասկացա` ինքը ցանկանում է պատրաստ լինել հարցերին: Մենք էլ մի քիչ զարմացանք, բայց կարծեմ սրանք նոր չափանիշներ են, որ կիրառվում են աշխարհում: Բայց եթե մեկը խելոք հարց ունի, չեմ մտածում, թե Սերժը կխուսափի պատասխանել դրան», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Րաֆֆին:

Տպավորություն է ստեղծվում, որ Թանկյանն ու նրա մենեջերները հատկապես խիստ են լրագրողների նկատմամբ, քանի որ համերգի հայաստանյան կազմակերպիչները պնդում են, որ դժվարություններ չեն ունեցել «Թանկյանին Հայաստան բերելու» հարցում: Համենայն դեպս երգչի ռայդերը` արտիստի կողմից միջոցառման կազմակերպիչներին ուղղված պարտադիր պահաջների ցուցակը, աչքի չի ընկել անիրագործելի կետերով:

Թանկյանի համերգի կազմակերպիչները մամլո ասուլիսի ժամանակ, հունիսի 17, Երեւան (Րաֆֆի Նիզիբլյանը կենտրոնում)

«Թանկյանը բուսակեր է, դրան ենք հատկապես ուշադրություն դարձնում: Օրինակ` ուզել էր սոյայի կաթ, որը Հայաստանում չկա եւ ստիպված էինք բերել դրսից: Կետերից մեկում էլ պահանջվում էր հենց Sturbucks սուրճ: Բայց պետք է ասեմ, որ նրա մենեջմենթը շատ ճկուն է, մեր հարաբերությունները շատ սահուն են անցնում», - պատմեց Րաֆֆի Նիզիբլյանը:

Դեռ հունիսին կայացած մամլո ասուլիսի ժամանակ համերգի կազմակերպիչները հայտարարեցին, որ հայազգի երաժիշտը մեծ զիջումներ է կատարել հայաստանյան իր մենահամերգի համար: Ռաֆֆի Նիզիբլյանի խոսքով` հենց այդ զիջումների շնորհիվ իրենք կարողացան սահմանել տոմսերի համեմատաբար մատչելի գներ` 4.000-50.000 դրամ: Իսկ համերգը կկայանա մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում, քանի որ Deep Purple-ի երեւանյան համերգից հետո հասկացել են, որ «մեծ դահլիճում հնարավոր չէ ձայնի որակ ապահովել»:

Թանկյանի երեւանյան միակ համերգի վերջնական ծրագիրն այսօր անգամ երեւանյան կազմակերպիչներին դեռ հայտնի չէ: Համերգը, ինչպես ընդունված է արեւմուտքում, կունենա բացող խումբ, որը հանդիսատեսին կպատրաստի դիմավորելու օրվա գլխավոր հերոսին: Այս դեպքում խոսքը ամերիկյան VIZA ռոք խմբի մասին է, որի 9 անդամներից մի քանիսը հայեր են` այդ թվում եւ Ջիվան Գասպարյան կրտսերը: Իսկ Սերժ Թանկյանը բեմում հանդես կգա պետֆիլհարմոնիկի հետ, հետեւաբար որոշ բաներ կհնչեն նրա «Elect the dead symphony» ալբոմից, գուցե կատարի նաեւ հայերեն երգեր կամ մատուցի այլ անակնկալներ:

XS
SM
MD
LG