Մատչելիության հղումներ

Սուրբ Էջմիածնի միաբանները կմասնակցեն Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին


Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանը կմասնակցեն սեպտեմբերի 19-ի Թուրքիայում Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նաեւ, որ պատարագը (ի դեպ` առաջինը1915 թվականից հետո) մատուցելու է Կոնստանդնուպոլսի պարտիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը:

Թուրքիայի իշխանությունները Սուրբ Խաչ եկեղեցին վերանորոգելուց ու թանգարանի վերածելուց հետո, թույլ են տվել տարին մեկ անգամ այստեղ պատարագ մատուցել:

Տեր Վահրամը «ողջամիտ ու ողջունելի» որակեց Թուրքիայի իշխանությունների այդ քայլը` հավելելով, սակայն, որ Մայր Աթոռը այն չի ընկալում որպես «ամբողջական քայլ»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լիահույս է, որ այդ որոշումը եւս ժամանակի մեջ կվերանայվի, եւ եկեղեցին կվերադարձվի հայ համայնքին, որը եւ լիարժեքորեն կգործածի այն իր նպատակային առումով, որով Սուրբ Խաչը ինչպես Հայոց ցեղասպանությունից առաջ, այնպես էլ հիմա կշարունակի իր ծառայությունը բերել մեր ժողովրդին եւ բավարարել մեր ժողովրդի հոգեւոր կարիքները», - ասաց նա:

Սուրբ Խաչ եկեղեցում թուրքական իշխանությունների նախաձեռնած միջոցառման հարցը, «Վան-Վասպուրական» հայրենակցական միության խնդրանքով, այսօր քննարկվել է ՀՀ Հանրային խորհրդի Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական, ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության եւ օգտագործման հարցերով ենթահանձնաժողովի նիստում:

Հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանի համոզմամբ, հայերը պետք է բոյկոտեն այդ միջոցառումը, քանի որ «Թուրքիան հերթական քաղաքական, քարոզչական սադրանքն է իրականացնում»` ցույց տալով աշխարհին, թե ամեն ինչ անում է հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու համար:

«Ես դեմ չեմ, որ որեւէ հայ գտնվի Աղթամար կղզում, բայց` ո'չ այդ օրը, ո'չ սեպտեմբերի 19-ին», - նիստում ասաց Հովնանյանը:

Հանրային խորհրդի Կրոնի եւ սփյուռքի հանձնաժողովի ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, կիսելով Հովնանյանի տեսակետը, հավելեց, որ Թուրքիան ցանկանում է Սուրբ Խաչում մատուցվելիք պատարագը օգտագործել քաղաքական նպատակներով:

«Վիժեցնելով հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը` Թուրքիան, միաժամանակ, փորձում է աշխարհին ցույց տալ, որ ձգտում է հարաբերությունները կարգավորել: Եվ այս իրադարձությունը նա ըստ ամենայնի նախապատրաստել է հենց այդ նպատակով: Սա հարցի քաղաքական կողմն է», - ասաց Սաֆրաստյանը` շարունակելով. - «Բարոյական կողմը. ամեն մեկը մեզանից, լինի դա հայաստանցի, լինի սփյուռքահայ, ինքը կարող է իր խղճի առջեւ այս հարցին պատասխան տալ` ներկա լինի, թե ներկա չլինի: Թուրքիան չճանաչելով, չդատապարտելով Ցեղասպանությունը` ինչ-որ շոու է կազմակերպում, փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքը փոխվել է: Ուստի բարոյական առումով, ես որպես հայ, որպես վանեցու թոռ, ես, օրինակ, չէի մասնակցի»:

Հարկ է նշել, որ Հայաստանի արտգործնախարարությունը, ինչպես նաեւ Մշակույթի նախարարությունը սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում նախատեսված միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր թուրքական կողմից չեն ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG