Մատչելիության հղումներ

Աճում են առաջին անհրաժեշտության ապրանքների գները


Երեւանի խանութներից մեկում:
Երեւանի խանութներից մեկում:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ:

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, հիշեցնենք, օգոստոսի 6-ին որոշում է կայացրել դադարեցնել ցորենի արտահանումը, ինչին Հայաստանում անմիջապես հաջորդեց ալյուրի գնաճը:

Ալյուրի մեկ կիլոգրամը արդեն թանկացել է 40 դրամով, թեեւ Հայաստան դեռ բարձր գնով ցորեն ու ալյուր չի ներմուծվել: Դրան հետեւեց հացի ու հացամթերքի գների աճը: Թանկացել է նաեւ մակարոնեղենը, ձեթը:

«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության ղեկավար Աբգար Եղոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հույս հայտնեց, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անպայման կանդրադառնա հացամթերքի անհիմն թանկացումների փաստին:

«Այլուրի գնի բարձրացումը բերում է մեր երկրում հացի գնի բարձրացման, իսկ այլուրի գնի անկումը, չգիտես ինչու, ոչ մի ձեւի չի բերում հացի գնի իջեցման: Մեր կարծիքով, քանի դեռ նոր հացահատիկ Հայաստանի չի ներկրվել, այդ գոյություն ունեցող հացահատիկի գները վաճառողները իրավունք չունեին բարձրացնելու», - ասաց Եղոյանը:

Կազմակերպությունն ուսումնասիրել է տեղական արտադրության եւ ներկրվող սննդամթերքի 13 արտադրատեսակների գնաճը գարնան սկզբից մինչեւ հունիս ամիսը:

«Կապված դրամ – դոլար փոխարժեքի փոփոխության հետ, ներկրվող սննդամթերքի գները չեն ընկել, թեկուզ մենք ունեցել ենք դրամի արժեվորում, հետո արժեզրկում, եւ հակառակը: Այսինքն` եթե թանկացան ներկրվող ապրանքները, երբ որ դրամը նորից արժեվորվեց, դրանք պիտի էժանանային», - ասաց Եղոյանը` հավելելով, որ դրամի արժեվորման պարագայում, ըստ իրենց ուսումնասիրության, չնչին չափով նվազել էին միայն շաքարավազի եւ բրնձի գները: Իսկ կարագի եւ արեւածաղկի ձեթի գները բարձրացել են կամ, լավագույն դեպքում` մնացել նույնը:

Օգոստոսի 4-ի նիստում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է ուսումնասիրություն սկսել ցորենի ալյուրի, շաքարավազի, խտացրած կաթի եւ լուծվող սուրճի շուկաներում` պարզելու նշված ապրանքների շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների վարքագիծը:

«Բացի լուծվող սուրճի շուկայից, մնացած երեք շուկաներում այսօր գործում են գերիշող դիրք ունեցող սուբյեկտներ: Ինչ վերաբերում է լուծվող սուրճին, հարկային մարմիններից ստացած տեղեկատվությունը փաստում է, որ այստեղ եւս հնարավոր է, որ մոտ ապագայում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ գրանցվի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը` հավելելով, որ այդ ոլորտներում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներին հանձնաժողովը հարցումներ է ուղարկել` գնաճի հետ կապված համապատասխան պարզաբանումներ ստանալու պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG