Մատչելիության հղումներ

«Հայաստանցիների 39 տոկոսը ուզում է հեռանալ երկրից»


Նախկին խորհրդային հանրապետությունների շարքում երկիրը մշտապես լքելու ամենամեծ ցանկությունը հայաստանցիների մոտ է առկա: Նման պատկեր են ստացել Gallup հետազոտական կենտրոնի մասնագետները` ուսումնասիրելով 2009-ին ԱՊՀ-ի երկրներում առկա միգրացիոն միտումները:

Նույն հարցումը վկայում է, որ հայ երիտասարդները եւս նախկին սովետմիության երկրների բնակիչների շարքում ամենաշատը կցանկանային, հնարավորության դեպքում, ուսուցման կամ աշխատանքային որեւէ ծրագրով մեկնել երկրից: Հարցումները վկայում են, որ հայաստանցիները մեծ ցանկություն ունեն մեկնել արտերկիր նաեւ ժամանակավոր աշխատանքի: Հարցման համաձայն, նման ցանկություն ունի Հայաստանի բնակչության մոտ կեսը` 44 տոկոսը:

Եթե Հայաստանից հեռանալու ցանկություն ունի երկրի բնակչության 39 տոկոսը, ապա հարեւան Վրաստանից` 14 տոկոսը, իսկ Ադրբեջանից` 12 տոկոսը:

Երկրորդ տեղում Մոլդովան է, որտեղ բնակիչների 36 տոկոսն է երազում երկիրն ընդմիշտ լքելու, իսկ 53 տոկոսը` արտագնա աշխատանքի մասին:

Gallup-ի անցկացրած հետազոտության համաձայն՝ նախկին խորհրդային հանրապետությունների յուրաքանչյուր չորրորդ քաղաքացին, եթե ունենար նման հնարավորություն, կցանկանար հեռանալ իր երկրից` ընդմիշտ, ժամանակավոր աշխատանքի կամ սովորելու նպատակով: Նման ցանկություն ԱՊՀ-ի երկրներում այժմ 70 միլիոն մարդ ունի, նրանց գրեթե կեսը կցանկանար ընդհանրապես լքել իր հայրենիքն ու բնակություն հաստատել այլ երկրում:

Հետազոտության արդյունքում նաեւ պարզվել է, թե ետխորհրդային ո՞ր հանրապետություններում են առավելապես արտերկրից ստացվող օգնության հաշվին գոյատեւում: Այս ցանկը Տաջիկստանն է գլխավորում, Հայաստանը 4-րդ տեղում է` Մոլդովայից ու Ղրղըզստանից հետո:

Տվյալ սյունակում ամենացածր ցուցանիշը Ռուսաստանն է արձանագրել. պարզվում է, 2009-ին ռուսաստանցիների միայն 1 տոկոսն է արտերկրյա իր բարեկամներից ստացել օգնություն:

Հետազոտությունը անցկացվել է ետխորհրդային 12 հանրապետություններում եւ ավելի քան 13 հազար մարդու շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG