Մատչելիության հղումներ

Բրայզայի նշանակումը հետաձգվեց


Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի նշանակումը հետաձգվում է. հայամետ սենատորները առկախել են հարցի շուրջ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում` երեքշաբթի նշանակված քվեարկությունը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ, հարցի քննարկումը արգելափակելու նախաձեռնությամբ է հանդես եկել դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը: Օրակարգում ընդգրկված մյուս` ավելի քան երեսուն երկրներում ԱՄՆ-ի դեսպանների նշանակումը, մինչդեռ, արժանացել է հանձնաժողովի անդամների լիակատար հավանությանը:

Ավելի վաղ` հուլիսի 22-ին հանձնաժողովում կայացած քննարկումից հետո, Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեսը եւ Ռոսս Ֆեյնգոլդը գրավոր հարցեր էին առաջադրել Մեթյու Բրայզային: Վերջինս, սակայն, Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, խուսափողական եւ ոչ լիարժեք պատասխաններ էր տվել, ինչից հետո Սենատի մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը անձամբ նամակ էր հասցեագրել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին` հարցեր բարձրացնելով Բրայզայի նշանակման շուրջ եւ կոչ անելով ուշադրությամբ քննել նրա թեկնածությունը:

Ամերիկացի օրենսդիրներին ու ամերիկահայ լոբբիստական կազմակերպություններին, մասնավորապես, մտահոգում են Բրայզայի կապերը Ադրբեջանի իշխանությունների հետ, նրա նախկին գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, ինչպես նաեւ կնոջ` թուրք լինելու հանգամանքը: Լոբբիստները պնդում են, թե Բրայզան չի կարող անկողմնակալ եւ չեզոք դիրքորոշում որդեգրել տարածաշրջանային խնդիրների, այդ թվում` ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ:

«Բրայզայի ամուսնության վկաներից մեկը եղել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը», - ավելի վաղ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, փաստել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը՝ ընդգծելով. - «Այստեղ շահերի բախումն ակնհայտ է»:

«Այժմ, սենատոր Բոքսերի նախաձեռնած` քվեարկության առկախումը հավելյալ ժամանակ կտա, ինչը անհրաժեշտ է այս` մտահոգությունների տեղիք տվող թեկնածությունը ավելի մանրազնին ուսումնասիրելու համար», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Հեղինակավոր Foreign Policy հանդեսի հաղորդմամբ, Բրայզայի թեկնածության շուրջ քվեարկությունը կարող է տեղի ունենալ մեկ ամսից` հանձնաժողովի` սեպտեմբերին կայանալիք նիստում: Մի շարք վերլուծաբաններ, սակայն, կարծիք են հայտնում, թե քննարկումը կարող է է՛լ ավելի հետաձգվել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշնանը ԱՄՆ-ում տեղի են ունենալու ընտրություններ` Սենատի 100 տեղերից առնվազն 36-ի համար, եւ նախընտրական թեժ արշավում երկու քաղաքական ուժերն էլ փորձելու են շահել հայկական լոբբիի վստահությունը:

«Միացյալ Նահանգները անցած տարվա հուլիսից դեսպան չունի Ադրբեջանում եւ, կարծես, դեռ երկար ժամանակ չի ունենա», - գրել է Նահանգներում բավական հայտնի Politico բլոգը, որը դեռեւս անցած տարվանից է հետեւում Բրայզաjի թեկնածության շուրջ քննարկումներին:

Հիշեցնենք` մի քանի տարի առաջ էլ հայամետ սենատորները նույն` Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երկու անգամ առկախել էին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի նշանակումը` պնդելով, թե նախագահ Բուշի առաջադրած թեկնածուն` Ռիչարդ Հոգլանդը մերժողական դիրքորոշում ունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Հարցի շուրջ քննարկումները շարունակվեցին մոտ երկու տարի. այդ ընթացքում նույն թեկնածությունը երկու անգամ առաջադրելուց եւ հաջողության չհասնելուց հետո, ի վերջո, Բուշի վարչակազմը հանձնաժողովին ներկայացրեց ներկայիս դեսպանի` Մարի Յովանովիչի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG