Մատչելիության հղումներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը գտնում է, որ հավկիթի շուկան մրցակցային է


Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած ամիս արձանագրել էր հավկիթի գների զանգվածային անկում: Հավկիթը վաճառվում էր ինքնարժեքից ցածր գներով, ինչը կասկած էր հարուցում, որ խոշոր ընկերությունները միտումնավոր են իջեցնում գները` մրցակիցներին շուկայից դուրս մղելու եւ գերիշխող դիրք զբաղեցնելու համար:

Հուլիսի 2-ին հարուցված վարույթի շրջանակում անցկացված ուսումնասիրությամբ, սակայն, հանձնաժողովը պարզել է, որ գների անկումը պայմանավորված է արտադրության ծավալների աճով:

«Հավկիթի շուկան մրցակցային է», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը պնդեց Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը` փաստարկելով. - «Մենք ո'չ ներմուծում ենք ձու, ո'չ էլ արտահանում: Բնականաբար, այս մի քանի ամիսների ընթացքում 30-ից ավելի տոկոս աճը [արտադրության ծավալների] պետք է բերեր գների մակարդակի նվազման»:

Գների անկումը արտադրության ծավալների աճով են պայմանավորում նաեւ խոշոր թռչնաֆաբրիկաների տնօրենները` կտրականապես բացառելով դեմպինգը:

Ոչ մեծ «Զանգափ» ընկերության տնօրեն Գագիկ Մնացականյանը, սակայն, «Ազատություն» ռադոիկայանի հետ զրուցում պնդեց, որ գները միտումնավոր կերպով են իջեցվել. - «Գները իջեցրեցին հատուկ նրա համար, որ մենք չկարողանանք գոյատեւել, քանի որ շուկայում ձվի ինքնարժեքը իմ վրա նստում է 31-32 դրամ: Այսօր եթե կարող են 10 դրամով ձու վաճառել… Ես իմ 2500 դրամանոց հավերը մորթել եմ եւ 250 դրամով հանձնել եմ նախարարությանը: Որովհետեւ ես շուկայում չէի կարող գոյատեւել»:

Հանձնաժողովը, այնուամենայնիվ, արձանագրում է, որ հավկիթի շուկայում նոր գերիշխող է հայտնվել. մեկ սեփականատիրոջ պատկանող «Արաքս» եւ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկաները զբաղեցնում են շուկայի մոտ 29 տոկոսը: Այդ ֆաբրիկաները, ինչպես հայտարարվեց, այսուհետ գտնվելու են Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG