Մատչելիության հղումներ

Օքսֆորդի գիտնականները ուսումնասիրում են Քարահունջը


Քարահունջ («Զորաց քարեր»), Սյունիք
Քարահունջ («Զորաց քարեր»), Սյունիք

Սեպտեմբերին Օքսֆորդի համալսարանից մի խումբ գիտնականներ Հայաստանում ուսումնասիրելու են Քարահունջն ու շրջակա բնակավայրերը:

Հայկական Քարահունջը նմանություններ ունի անգլիական Սթոնհենջի հետ։ Եվրոպայում այսպիսի շատ ուրիշ «հենջներ» կան, որոնք գիտնականների կարծիքով, ընդհանուր շատ բան ունեն: Քարահունջի ուսումնասիրությունը այդ շղթայի բացահայտման մի մասն է:

«Իրենց հետաքրքիր է, որովհետեւ անունը «հենջերին» նման է։ Քարահունջը հետաքրքիր է նրանով, որ շատ նման է Սթոնհենջի կառուցվածքին, երկուսն էլ արեւադարձի օրը նայում են արեւին», - ասում է Միհրան Վարդանյանը՝ «Աստղերն ու քարերը» կոչվող այս ուսումնասիրության նախաձեռնողը։

Երեւանում ավարտելով պետական համալսարանի ֆիզիկայի ու ինֆորմատիկայի ֆակուլտետները՝ երիտասարդ գիտնականը հրավեր է ստացել Օքսֆորդից աստղաֆիզիկայի ոլորտում դոկտորական աշխատանք անելու: Քարահունջի այս նոր ուսումնասիրությամբ Միհրանն ուզում է շարունակել Պարիս Հերունու սկսած աշխատանքը, նոր մեթոդներով չափել Քարահունջի տարիքը, քննել տեղանքի յուրահատկություններն ու հայտնի դարձնել դրանք աշխարհին:

Սթոնհենջ, Վիլթշայր, Մեծ Բրիտանիա
Նախագծին աջակցում են Թագավորական աշխարհագրական ասոցիացիան ու Օքսֆորդի համալսարանը: Գիտնականների խմբում լինելու է հինգ հետազոտող Բրիտանիայից, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը՝ Հայաստանից ու հայաստանցի ուսանողներ:

Դեռ տարիներ առաջ հայ անվանի գիտնական, աստղագետ Պարիս Հերունին պնդել եւ գիտական ապացույցներ է ներկայացրել, որոնց համաձայն հայկական Քարահունջը եւ անգլիական Սթոնհենջը կառուցվածքային նմանություններ ունեն, թեեւ հայկական Քարահունջը շատ ավելի հին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG