Մատչելիության հղումներ

Հուլիսի 24-ի մամուլ


Lragir.am-ի մեկնաբանը գրում է. - «Վերջին 2-3 տարիներին Միասին երիտասարդական կազմակերպության ճամբար են այցելել նախագահը, վարչապետը, ԱԳ նախարարը եւ մյուսները: Ոչ այնքան պաշտոնական մթնոլորտում հնչել են բավական կարեւոր եւ բավական պաշտոնական հարցեր ու մտքեր: Նախագահն ու ԱԳ նախարարը հաշվետու են եղել ղարաբաղյան կարգավորման վերջին զարգացումների վերաբերյալ եւ արել մի շարք քաղաքական հայտարարություններ: Ինչո՞ւ են երկրի ղեկավարները որոշել ընտրել մարդկանց կարեւոր իրադարձությունների մասին պատմելու եւ, փաստորեն, մադրիդյան սկզբունքներից հրաժարվելու հենց նման ձեւաչափը: Առաջինը, որ պետք է արվեր Ալմաթիի հանդիպումից հետո, գնալ խորհրդարան եւ պատմել, որ կարգավորման տվյալ փուլն ավարտվել է, գաղտնազերծվել, եւ արդեն սկսել է նոր առաջարկների մշակումը: Մեկ այլ ձեւաչափ` կուսակցությունների հետ խորհրդակցությունները: Երեւում է, այս ձեւաչափով նախորդ հանդիպումները ոչինչ չեն տվել ոչ իշխանությանը, ոչ կուսակցություններին, եւ այդ ձեւաչափը մոռացվեց։ Սերժ Սարգսյանը կարող էր օգտագործել առիթը` ժողովրդին դիմելու ուղերձով: Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը կարող էին մամուլի ասուլիս տալ: Վերջապես, Սերժ Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանը կարող էին հանրահավաք հրավիրել, որի ժամանակ, «օգտվելով» Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունից` փոխզիջումների անհրաժեշտության վերաբերյալ, կարող էին հայտարարել, որ ղարաբաղի հարցում իշխանության քաղաքականությունն ավելի կոշտ է, քան ընդդիմությանը, եւ իշխանությունը համաձայն չէ զիջումների: Եւ դրա փոխարեն օգտագործվեց մարգինալ ձեւաչափ, որն ընդամենն ապացուցեց, որ իշխանությունը «հասանելի է» ընդամենը մարդկանց ընտրված շրջանակի: Եւ որ մյուս ձեւաչափերը վերջնականապես հեղինակազրկվել են»։

«Հրապարակ»-ում վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը գրում է. - «Ալմաթիի հանդիպումը ինքնին արդեն բանակցային հիմքերին վերադառնալու մասին էր՝ փորձել Ադրբեջանին վերադարձնել դիվանագիտությանը։ Այլ խոսքով ասած, ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրում Ադրբեջանին բանակցային սեղանի շուրջ պահելու համար։ Միջնորդների համար այլեւս այնքան էլ կարեւոր չէր տեսնել, թե ինչ է դրված բանակցային սեղանին։ Մինսկի խումբը հիմա ավելի մտահոգված է Ադրբեջանի՝ բանակցություններից դուրս գալու եւ հիմնախնդրին ռազմական լուծում տալու հնարավորությամբ։ Իսկ այդ հնարավորությունը վտանգավոր է բոլորի համար։ Ստեղծված իրավիճակում Հայաստանը պետք է ասի մոտավորապես հետեւյալը՝ ո՛չ, մենք ուզում ենք, որ Ադրբեջանը մերժի ռազմական ճանապարհը, նախքան մենք կանդրադառնանք բանակցային սեղանին դրված փաստաթղթերին։ Եվ միջազգային հանրության ճնշումը պետք է ուղղված լինի Ադրբեջանին՝ ցույց տալու համար, որ բռնի ուժով կամ պատերազմի միջոցով Ղարաբաղի հիմնահարցը լուծելու որեւէ հնարավորություն չկա»։

«Առավոտ»-ի թղթակիցը Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանին հարցնում է. - «Իսկ ՍԴՀԿ-ն իշխանափոխություն չի՞ ուզում»։ Պատասխան. - «Իհարկե՝ ուզում է, բայց ոչ նոր պատերազմի հրահրման կամ Արցախը թշնամուն հանձնելու գնով։ Համակարգն է այս բոլոր քայքայիչ երեւույթների առաջացման եւ արմատավորման պատճառը, ոչ թե պատերազմը եւ Արցախը։ Հաղթանակը եւ Արցախի ազատագրումը կարող էին եւ պետք է դարձվեին համահայկական միասնության կայացման եւ Հայաստանի սրընթաց զարգացման հիմնական գործոններ։ Սակայն տեղի ունեցավ ուղիղ հակառակը։ Արցախը կարող է եւ պետք է իր վրա վերցնի Հայաստանի պարենային ապահովման 25-35 տոկոսը։ Թե ինչո՞ւ այսօր այդպես չէ, պետք է հարցնել ներկա եւ նախկին նախագահներին»։

Կոսովոյի վերաբերյալ Հաագայի որոշման մասին «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Նախ, ակնբախ է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարզորոշ ամրագրեց՝ ինքնորոշման իրավունքը չի հակադրվում եւ չի խախտում տարածքային ամբողջականության դրույթը, իսկ ըստ էության` գերակայում է։ Երկրորդ. Հայաստանի նախագահը բառացիորեն օրերս հայտարարեց, որ եթե ադրբեջանական կողմը չի ընդունում միջնորդների ներկայացրած առաջարկությունները, «ուրեմն այլ ելքեր, երեւի, պետք է փնտրել»: Այս «այլ ելքեր» բառակապակցությունը խուճապային վիճակի մեջ գցեց պաշտոնական Բաքվին։ Երրորդ. ինչ էլ ասվի, Միջազգային դատարանի որոշումն ու դրան գերտերությունների արձագանքները, ամեն դեպքում որոշակի ազդեցություն կունենան Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա։ Իսկ թե որքանո՞վ կհաջողվի հասնել դրական արդյունքի` մեծապես նաեւ հենց մեր հետեւողականությունից ու ջանադրությունից է կախված»։

Հղում կատարելով ամերիկյան Foreign Policy հանդեսին՝ «Կապիտալ»-ը նշում է, որ դատարանի այդ որոշումը, հնարավոր է՝ նվեր դառնա սերբերի համար։ - «Սերբ քաղաքական գործիչների մեծ մասն այժմ ավելի շուտ ազատ շունչ է քաշում, թեկուզ եւ գաղտնի. չէ՞ որ եթե ընդունվեր որոշում, որը հարցականի տակ է դնում Կոսովոյի անկախությունը, նրանք ստիպված կլինեին կեղծ ազգայնական կեցվածք ընդունել, իսկ այժմ հնարավորություն ունեն շրջանցելու այդ հարցը, որը, միեւնույն է, խանգարում է նրանց լրացնել Եվրամիության շարքերը։ Ներկայում գլխավոր խնդիրն այն է, թե ինչ հետեւանքներ կունենա դատարանի որոշումը անջատողական տարրերի վրա աշխարհի տարբեր երկրներում։ Նախքան դատարանի որոշում կայացնելը Սերբիան, ինչպես եւ նրա դաշնակից Ռուսաստանը հաճախակի պատկերում էին «մղձավանջային պատմությունների շքերթ», որը կսկսվի Կոսովոյի անկախության ճանաչումից հետո եւ կավարտվի աշխարհի տարբեր պետությունների տենդագին մասնատումներով։ Այս մտավախությունը, իհարկե, չափազանցված է, սակայն անջատողականներից ոմանց հնարավոր է եւ քաջալերի»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG