Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 2,8 միլիոն դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը


ԱՄՆ-ը 2,875,284 դոլարի լրացուցիչ օժանդակություն է տրամադրում Հայաստանի կառավարությանը՝ թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության շրջանակներում։

ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության համաձայն, հուլիսի 23-ին Հայաստանի Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը ստորագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ կնքված թմրադեղերի հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրի փոփոխության մասին արձանագրություն, որով տրամադրվում է հիշյալ աջակցությունը։

Ֆինանսավորումը ուղղվելու է մի շարք հաստատությունների զարգացմանը եւ երկկողմ ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ քրեափորձագիտական ինստիտուտի զարգացում, Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի զարգացման ծրագիր, ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի մշտական իրավախորհրդատուի ծրագիր, թրաֆիկինգի զոհերի օժանդակության ծրագիր եւ Հայաստանի իրավապահ ոլորտի զարգացման ծրագիր:

2001 թվականի հունիսի 11-ին սկզբնական Համաձայնագիրը ստորագրելուց ի վեր ԱՄՆ-ը Հայաստանի իրավապահ ոլորտին աջակցելու նպատակով դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի ու իրավապահ համագործակցության գրասենյակի միջոցով Հայաստանին է տրամադրել ավելի քան 14 միլիոն դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG