Մատչելիության հղումներ

Առաջին կիսամյակում արձանագրվել է 6.7 տոկոս տնտեսական աճ


Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում, ըստ այսօր հրապարակված վիճակագրական տվյալների, տնտեսական աճը կազմել է 6.7 տոկոս: Փաստորեն, այս տարվա 5 ամիսների նկատմամբ տնտեսության աճը դանդաղել է ավելի քան 2 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, տնտեսության ծավալների նվազումը պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված 13 տոկոս անկմամբ, իսկ մնացած բոլոր ճյուղերում առաջին կիսամյակի արդյունքներով աճ է արձանագրվել:

Տնտեսությունը միայն հունիս ամսին՝ մայիսի համեմատ, աճել է 31.7%-ով, ինչի հիմնական պատճառը նույն ժամանակահատվածում շինարարության ոլորտի 47.3%-անոց աճն է, որն էլ իր հերթին պայմանավորված է սեզոնայնությամբ. սովորաբար հունիս ամսին շինարարական աշխատանքներն ակտիվանում են:

Հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 2,17 մլրդ դոլար, ինչը 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 29,8%-ով ավելի է։ Տնտեսության վերականգնումը բնութագրող մեկ այլ ցուցանիշը՝ արտահանումը, տարեկան կտրվածքով աճել է 55,9%-ով` կազմելով 442,8 մլն դոլար, ինչը բավական լավ ցուցանիշ է: Ներմուծումը աճել է 24,4%-ով՝ կազմելով 1724 մլն դոլար։

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, հիշեցնենք, անցած ամիս կանխատեսել էր, թե տարեկան կտրվածքով տնտեսական աճը կազմելու է 7-8 տոկոս այն դեպքում, երբ 2010 թվականի պետական բյուջեով տարվա համար նախատեսված էր ընդամենը 1.2 տոկոս աճ: Նախարարը նաեւ հայտարարել էր, թե կառավարությունը այս ամիսների ընթացքում չի շտապում վերանայել այս կանխատեսումը, թեեւ հասկանում է, որ իրադարձությունների դրական զարգացումների դեպքում կունենա տնտեսության աճի լրացուցիչ հնարավորություններ եւ նույնիսկ համոզված էր, որ Հայաստանը վերադարձել է տնտեսական կայուն զարգացման փուլ:

Այսօր շատ է խոսվում բանջարեղենի ու հատկապես մրգերի շուկայի անսովոր թանկությունից, այնինչ Ազգային վիճակագրության ծառայությունը վերջերս հրապարակած գնաճի վերաբերյալ հաշվետվությունում նշել էր, թե մրգի գները այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ զգալի` մոտ 9 տոկոսի նվազում են արձանագրվել: Ճիշտ է` վերապահումով, որ դա դեռ ամբողջացված պատկերը չէ:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը լուրջ կասկածներ ունի պաշտոնական վիճակագրության հավաստիության հարցում: Ըստ նրա, այդ ինչպե՞ս է ստացվում, որ գյուղատնտեսությունը, հանքահումքային արդյունաբերության արտադրանքի արտահանման եւ շինարարության հետ միասին ապահովում է այս տարվա առաջին 5 ամիսների 8.8 տոկոս տնտեսական աճը, իսկ 6-րդ ամսում արձանագրում 13 տոկոս անկում:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Այսպիսի բարձր գներ մենք չենք ունեցել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց Բագրատյանը` շարունակելով. - «Գների տարբերությունը անցյալ տարվա համեմատ ոչ թե 2-3, ոչ թե 20-30 տոկոս է, այլ 2-3 անգամ»:

«Այստեղ գոյություն ունի գլոբալ խնդիր. կառավարությունը ձեռնամուխ չի լինում այս ոլորտի բարեփոխումներին», - ասաց Բագրատյանը` պարզաբանելով, թե կա'մ պետք է մոնոպոլիզացնել գյուղատնտեսությունը, կա'մ թույլ տալ, որ մրցակցությունը լուրջ վնասներ չհասցնի հազարավոր ֆերմերային տնտեսություններին եւ գոնե 35-40 շահութաբերություն ապահովի:

«Պետք է հստակ այնտեղ, որտեղ բարձր մրցակցություն է, պետական սուբսիդանիաների քաղաքականություն վարել: Երկրորդ, գյուղացիներին պետք է միավորել փոխօգնության կոոպերատիվների մեջ: Օրինակ, եթե խաղողագործները միավորվեն նման կոոպերատիվներում, ապա կոնյակի եւ գինու գործարանները ստիպված կլինեն գինենյութ գնել գյուղացուց եւ ոչ թե խաղող, եւ ավելացված արժեքը կմնա գյուղացուն», - ասաց Բագրատյանը:

Հայաստանում, ըստ նախկին վարչապետի, այսօր «ոչ մի լուրջ արտահանման ճյուղ գոյություն չունի», իսկ վերջին ժամանակահատվածում գրանցված դրամի արժեվորումը պայմանավորված է բացառապես տրանսֆերտների աճով:

Բագրատյանի կանխատեսումներով, Հայաստանի իշխանություններն այս տարին «այնքան մեծ երկնիշ աճով կփակեն, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը իրեն վատ կզգա»։ Մինչդեռ տնտեսությունը, նրա պնդմամբ, «գտնվում է լուրջ ճգնաժամի մեջ». - «Ճգնաժամը շարունակվում է: Սա այն է, ինչը կոչվում է երկրորդ ալիք, որը գալիս է Հայաստան, բայց կառավարությունը փորձում է աճ ցույց տալ: Եվ ես կարծում եմ, մինչեւ հիմա էլ չեն հրաժարվել մտադրությունից` ի վերջո մինչեւ տարվա վերջ դուրս գալ երկնիշ տնտեսական աճի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG