Մատչելիության հղումներ

Վիզայի ռեժիմը շարունակում է Հայաստանը «հեռու պահել» Եվրամիությունից


Եվրոպան ձգտում է բարելավել հարաբերությունները արեւելյան հարեւանների` այդ թվում եւ Հայաստանի հետ, սակայն այդ ճանապարհին դեռ մի հաստ պատ է կանգնած, որ կոչվում է վիզա կամ մուտքի արտոնագիր: Երկրից երկիր մարդկանց օրինական մուտքն ապահովելու համար ստեղծված այդ գործիքը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ շարժունության համար:

Մանեն մեկն է այն երիտասարդներից, ում անձնագրում դաջված մերժման կնիքը դեռ երկար կհիշեցնի Եվրոպա մուտք գործելու անհաջողության մասին: Հայաստանում Ֆրանսիական համալսարանն ավարտած Մանեն Ֆրանսիա ցանկանում էր մեկնել լեզուն բարելավելու համար, մասնակցելու էր եվրոպական կրթական ծրագրերից մեկին, որն, ինչպես ինքն ասաց, պիտի իր կրթության անցումային շրջանը լիներ` հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ կշարունակի ուսումը դեպի մագիստրական աստիճանը: Սակայն Հայաստանում ֆրանսիական դեսպանատունը մերժեց վիզայի նրա հայտը:

«Հիմա ես հոգեպես ինձ ճնշված եմ զգում` այն առումով, որ հայաստանցի եմ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Մանեն:

Եվրամիության անդամ երկրների մեծ մասը Շենգեն տարածքում են գտնվում, հետեւաբար մուտքի արտոնագիր ստանալու պայմաններն ընդհանրական են, սակայն յուրաքանչյուր երկիր իրավասու է տրամադրել դրանք իր իսկ առաջ քաշած ենթապայմաններով ու սեփական ընթացակարգով: Ասվածը հաստատեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար, պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Օննո Սիմոնսը բացատրեց, որ Եվրամիության ներկայացուցիչներն իրենք առանձին երկրներ մուտքի արտոնագիր տրամադրելու հարցերին միջամտելու իրավունք չունեն, բայց մշտապես փորձում են խնդրի լուծման ճանապարհներ գտնել: Մասնավորապես 2008-ին ստեղծված Արեւելյան գործընկերության ծրագիրը ենթադրում է համագործակցության ընդլայնում Եվրոպայից արեւելք գտնվող 6 երկրների հետ` Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս եւ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է առանձին բանակցային գործընթաց հենց վիզայի ռեժիմի հեշտացման ուղղությամբ: Օննո Սիմոնսը նշեց, որ ծրագրի մասնակից երկրներից Ուկրաինան ու Մոլդովան առաջատարներ են վիզայի արգելքը առավել արագ հաղթահարելու հարցում, իսկ հարավային Կովկասում, ըստ նրա, «տնային աշխատանքի» հարցում հարեւաններին գերազանցում է Վրաստանը:

«Մենք ուզում ենք մոտեցնել Եվրոպայի ու Հարավային կովկասի մարդկանց, պատրաստվում ենք խոսել նրանց հետ միգրացիայի մասին: Այս կապակցությամբ պիտի խոսենք ինչպես վիզայի հեշտացման, այնպես էլ Readmission-ի կամ հետընդունման համաձայնագրերի մասին, քանի որ եթե հեշտացնում ենք Եվրամիություն այցելելու հնարավորությունները, նաեւ պետք է հետեւենք, որ վիզայի ժամկետներն անցնելուց հետո Եվրամիությունում անօրինական մնացող մարդիկ հետ կանչվեն իրենց իսկ երկրների կողմից», - նշեց Սիմոնսը

2010-ի պրիլի 5-ից Հայաստանում գործող դեսպանատները որոշ մեղմացված պայմաններ ընդունեցին հայաստանցիներին Շենգեն վիզա տրամադրելու համար: Բայց անգամ վիզայի մեղմացված ռեժիմը չօգնեց «Երեւան» ամսագրի լրագրող Արտավազդ Եղիազարյանին, որպեսզի նա կարողանա մեկնել Ֆրանսիա եւ լուսաբանել 2010-ի Կաննի կինոփառատոնը: Նա ստացավ փառատոնի պաշտոնական հավատարմագրում, բայց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը մերժեց տրամադրել վիզա:

«Ինչու պետք է համոզել ինչ-որ մեկին, որ ես անմեղ եմ. այսքինքն` ես նախապես մեղավոր մարդ եմ, եւ ստիպված եմ ապացուցել, որ անմեղ եմ», - ասաց Արտավազդը, ով ի վերջո վիզա ստացավ մերժումը բողոքարկելուց հետո, բայց արդեն մեկնել չէր կարող, քանի որ ուշացել էր փառատոնից:

Մանեն էլ հավատում է, որ դեռ հնարավորություն կունենա հասնել իր նպատակին. Ֆրանսիա չկարողացավ մեկնել, բայց Հայաստանում գտել է աշխատանք, իր խոսքով «ռեալիզացրել է իրեն հայրենիքում», այն, ինչ խորհուրդ էին տվել ֆրանսիական դեսպանատանը:

XS
SM
MD
LG