Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի համագործակցությունն անսասան է»


Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀՀՇ համագումարում: 17-ը հուլիսի, 2010թ.
Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ է ունենում ՀՀՇ համագումարում: 17-ը հուլիսի, 2010թ.

Շաբաթ օրը Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց Հայոց համազգային շարժման հերթական համագումարը: Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով համագումարի պատվիրակների թվում է, իր ելույթում ներկաներից շատերի համար անսպասելիորեն անդրադարձավ վերջին շրջանում կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումներին:

«Վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները փորձել են ազդեցություն գործել ՀՀՇ ի ներսում եւ ճեղքվածք առաջացնել կուսակցության եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ։ Սակայն ՀՀՇ վարչության եւ խորհրդի անդամների մեծամասնության զգոնության շնորհիվ վնասարարությունը ժամանակին բացահայտվել է, եւ Կոնգրեսի պառակտման վտանգն իսպառ չեզոքացվել», - ասաց Տեր-Պետորսյանը։

«Ժամանակն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու արտաքին ուժերը գիտակցեն, որ Հայ Ազգային Կոնգրեսը հանրապետության քաղաքական կյանքում անփոխարինելի դերակատարություն ունեցող մշտական գործոն է, որը որեւէ միջոցով հնարավոր չէ քայքայել կամ վերացնել։ Մենք դիմացանք գնդակոծության, բանտերի, ոստիկանական ու հարկային տեռորի, կդիմանանք նաեւ նման ճղճիմ վնասարարությունների։ Այս համագումարից հետո, մենք, վստահաբար, կարողանալու ենք հայտարարել, որ ՀՀՇ-ի եւ Կոնգրեսի համագործակցությունն անսասան է», - հավելեց նա։

Իր ելույթում Հայաստանի առաջին նախագահը, նշելով, որ «ՀՀՇ համագումարն ընթանում է Հայաստանում ստեղծված ներքին թե արտաքին գերզգայուն իրավիճակում եւ երկրի առջեւ ծառացած լրջագույն մարտահրավերների պայմաններում»` ասաց. - «Ես չեմ պատրաստվում ո՛չ հանգամանորեն վերլուծել այդ իրավիճակը, ո՛չ էլ գնահատել իշխանությունների կամ ընդդիմության՝ դրանից բխող գործողությունները, առավել եւս քննադատել կամ մեղադրել որեւէ մեկին... Գործնական քաղաքականության տեսակետից առավել կարեւոր է վերհանել ու սառնասրտորեն արձանագրել այն ելակետային իրողությունները, որոնց հետ պարտավոր է հաշվի նստել ցանկացած պատասխանատու քաղաքական ուժ՝ լինի իշխանություն թե ընդդիմություն։ Անտեսել այդ իրողությունները եւ առաջնորդվել ցանկալին իրականություն համարելու մտածողությամբ, հավասարազոր է հանցավոր միամտության կամ քաղաքական անմեղսունակության։ Եթե որեւէ քաղաքականություն հիմնված չէ իրողությունների, այլ կերպ ասած ռեալությունների վրա, ապա դա կարելի է կոչել ամեն ինչ, բացի քաղաքականությունից»։

Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը հանգամանորեն անդրադարձավ «Հայաստանի քաղաքական վարքագիծը թելադրող ելակետային իրողություններին»։

Խոսելով արտաքին քաղաքական խնդիրների վերաբերյալ` Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. - «Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում։ Հետեւաբար, անկախ իր նախապատվություններից, Հայաստանի ցանկացած իշխանություն կենսական այդ խնդիրների լուծումը պետք է որոնի տվյալ աշխարհաքաղաքական համատեքստում»։

Համագումարին ներկա չէր ՀՀՇ-ի վարչության փոխնախագահի պաշտոնից անցյալ ամիս հրաժարված Խաչատուր Քոքոբելյանը, իսկ ՀՀՇ-ի վարչության նախագահի պաշտոնից հրաժարված Արարատ Զուրաբյանը մասնակցում էր համագումարին, սակայն ելույթ չունեցավ:

Կուսակցության հաշվետվությունը ներկայացրեց Արամ Մանուկյանը` մասնավորապես շեշտելով. - «Կազմակերպությունը ամբողջությամբ պահպանեց իր քաղաքական կորիզը, հավատարիմ մնաց իր գաղափարախոսությանը եւ հավատամքին, պահպանեց իր քաղաքական մարտունակությունը»:

Համագումարի ընդունած բանաձեւում նշվեց, որ «ՀՀՇ-ն ամբողջությամբ կարեւորում է մասնակցությունը համաժողովրդական շարժմանը եւ անդամակցությունը Հայ ազգային կոնգրեսին». - «Համագումարը գտնում է, որ Հայ ազգային կոնգրեսը այն քաղաքական ֆորմատն է, որը բռնապետական, ոչ լեգիտիմ իշխանության դեմ պայքարը տանում է ամենաարդյունավետ ճանապարհով: Համագումարը հանձնարարում է վարչությանը, կուսակցության բոլոր ստորաբաժանումներին շարունակել եւ ակտիվացնել պայքարը Հայ ազգային կոնգրեսի կազմում` քաղաքական օրակարգի առաջին խնդիր ունենալով արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների պահանջը»:

Համագումարը փոփոխություններ մտցրեց ՀՀՇ-ի կանոնադրության մեջ, ըստ որի` վարչության կազմում նախկինում գործող 25-ի փոխարեն ընդգրկվեցին 31 անդամ: Նորընտիր վարչության կազմում, ի թիվս այլոց, ընտրվեցին հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանը, նախագահական վերջին ընտրությունների կապակցությամբ ազատազրկված Աշոտ Մանուկյանը, Հարություն Ուռուտյանը եւ Արամ Բարեղամյանը:


Նորընտիր վարչության անդրանիկ նիստում ՀՀՇ-ի վարչության նախագահ ընտրվեց Արամ Մանուկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG