Մատչելիության հղումներ

Թուրքիան վավերացրեց ատոմակայանի կառուցման համաձայնագիրը


Թուրքիայի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար
Թուրքիայի խորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար
Թուրքիայի խորհրդարանը երեկ հավանության է արժանացրել երկրում առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ռուս - թուրքական միջկառավարական համաձայնագիրը, որը ստորագրվել էր մայիսի 12-ին` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Անկարա այցի ժամանակ:

Համաձայնագիրը նախատեսում է Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքի մոտակայքում մինչեւ 2020 թվականը կառուցել 4 էներգաբլոկ: Ծրագրի արժեքը 18-20 միլիարդ դոլար է:

Ըստ ծրագրի, ատոմակայանի կառուցումն ու շահագործումը իրականացնելու է ռուսաստանյան «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը, որի ներկայացրած պաշտոնական առաջարկը Թուրքիայի էներգետիկ խորհուրդը հավանություն է արժանացրեց դեռ 2008 թվականի վերջին:

Ինչպես փոխանցում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, Թուրքիան ատոմակայանի շինարարության ֆինանսավորմանը չի մասնակցի, կտրամադրի կառուցման համար տարածքը, կառուցման ծախսերը կհոգա ռուսաստանյան ընկերությունը: Թուրքիան պարտավորվում է 15 տարի այս ընկերությունից նախօրոք ֆիքսված սակագնով էլեկտրաէներգիա գնել, իսկ 15 տարի հետո ստանալու է զուտ եկամտի 20 տոկոսը: Բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը կմնա Ռուսաստանին:

Ատոմակայանի կառուցման անհրաժեշտությունը Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հիմնավորում է նրանով, որ երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը աստիճանաբար աճում է, իսկ Իրանից եւ Ռուսաստանից ներմուծվող բնական գազի գինը բարձր է:

Սակայն ատոմակայանի կառուցման ծրագրին ընդդիմանում են Թուրքիայի բնապահպանական կազմակերպությունները: Ակտիվիստները պահանջում են հրաժարվել այդ ծրագրից, քանի որ, ըստ նրանց, վայրը, որը ընտրվել է ատոմակայանի համար, սեյսմիկ վտանգ է ներկայացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG