Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է ժամանակավորապես բացել սահմանը


Թուրք անանուն դիվանագետը հաստատել է հայ - թուրքական սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը, որպեսզի Թուրքիան մասնակցի Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

«Մենք մասնակցելու ենք զորավարժություններին, որ անցկացվելու են սեպտեմբերի 11-17-ը։ Մենք քննարկում ենք սահմանը բացելու հնարավորությունը, եթե այդպիսի կարիք առաջանա», - ասել է կին դիվանագետը։

Նա հայտնել է, որ իշխանությունները ուսումնասիրել են սահմանի ենթակառուցվածքները` ստուգելու համար դրանց վիճակը ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրերին օգտագործելու համար, որոնք անցկացվելու են երկրաշարժից հետո քաղաքացիական արտակարգ իրադրության սցենարով։

Բնական աղետների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու հումանիտար բնույթի զորավարժություններին Թուրքիան մասնակցելու է, եւ թուրքական ջոկատի, հնարավոր տեխնիկայի, տրանսպորտի Հայաստան մտնելու, ապա վերադառնալու համար սահմանը կարող է ժամանակավորապես բացվել։

Զորավարժություններին մասնակցելու են ավելի քան 1000 զինվորականներ ՆԱՏՕ-ի անդամ ու ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից։ Դրանք անցկացվելու են Կոտայքի մարզում, հայտնում է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG