Մատչելիության հղումներ

Թուրքիան կարող է ժամանակավորապես բացել սահմանը


Դիտակետ հայ - թուրքական սահմանին
Դիտակետ հայ - թուրքական սահմանին
Թուրք անանուն դիվանագետը հաստատում է հայ - թուրքական սահմանի ժամանակավոր բացման հնարավորությունը, որպեսզի Թուրքիան մասնակցի Հայաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Այդ մասին հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը:

«Մենք մասնակցելու ենք զորավարժություններին, որ անցկացվելու են սեպտեմբերի 11-17-ը։ Մենք քննարկում ենք սահմանը բացելու հնարավորությունը, եթե այդպիսի կարիք առաջանա», - ասել է կին դիվանագետը։

Նա հայտնել է, որ իշխանությունները ուսումնասիրել են սահմանի ենթակառուցվածքները` ստուգելու համար դրանց վիճակը ՆԱՏՕ-ի զորավարժությունների օրերին օգտագործելու համար, որոնք անցկացվելու են երկրաշարժից հետո քաղաքացիական արտակարգ իրադրության սցենարով։

Բնական աղետների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու հումանիտար բնույթի զորավարժություններին Թուրքիան մասնակցելու է, եւ թուրքական ջոկատի, հնարավոր տեխնիկայի, տրանսպորտի Հայաստան մտնելու, ապա վերադառնալու համար սահմանը կարող է ժամանակավորապես բացվել։

Սահմանի ժամանակավոր բացման հնարավորության մասին գրում են նաեւ թուրքական թերթերը:

Անցակետ Կարսում` դեպի Հայաստանի սահմանը տանող ճանապարհին:
Դիվանագիտական աղբյուրները ասել են, որ դա սահմանի պաշտոնական բացում չի լինի, թույլտվությունը կարող է տրվել միայն հումանիտար նպատակների համար, այս մասին չորեքշաբթի օրը գրել է Hurriyet-ը։ Հաջորդ օրը Zaman-ը գրել է, որ պաշտոնական Անկարան դրական մոտեցում ունի այդ հարցում։

Անանուն դիվանագետը Zaman-ին ասել է, որ Բրուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեխնիկական հարցերի շուրջ քննարկումներում, երբ ՆԱՏՕ-ի պաշտոնյաները բարձրացրել են զորավարժությունների համար հայ - թուրքական սահմանը բացելու հարցը, Թուրքիան կողմ է արտահատվել դրան:

Զորավարժություններին մասնակցելու են ավելի քան 1000 զինվորականներ ՆԱՏՕ-ի անդամ ու ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից։ Դրանք անցկացվելու են Կոտայքի մարզում, հայտնում է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնը։

«Ֆրանսպրես»-ը անունը հայտնել չցանկացած դիվանագետին նաեւ հարցրել է, թե հնարավո՞ր է արդյոք, որ սահմանը բաց մնա հայ ուխտավորների համար, որպեսզի նրանք կարողանան կարճ ճանապարհով մեկնել Թուրքիա` մասնակցելու Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին։ Դիվանագետը պատասխանել է, որ այդ հարցը չի քննարկվել։

Հայաստանի արտգործնախարարությունը ձեռնպահ մնաց սահմանի հնարավոր բացման մասին մեկնաբանություններից:

Անանուն դիվանագիտական աղբյուրը, այդուհանդերձ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թուրքական կողմի հայտարարությունը որակեց «PR քայլ` ուղղված Թուրքիայի իմիջի բարելավմանը»` հավելելով. - ««Հայաստանը ցանկություն չունի որեւէ կերպ նպաստելու դրան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG