Մատչելիության հղումներ

Վերաքննիչ ատյանը մերժում է մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների բողոքը


Զինվորականները հսկում են Երեւանի փողոցները: 2-ը մարտի, 2008 թ.
Զինվորականները հսկում են Երեւանի փողոցները: 2-ը մարտի, 2008 թ.

Քրեական վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը մերժեց 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում սպանված Տիգրան Խաչատրյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Գոռ Քլոյանի իրավահաջորդների հայցը, որով բողոքարկվում էր ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Ընդհանուր իրավասության դատարանը, հիշեցնենք, մերժել էր զոհերի իրավահաջորդների հայցը` ճանաչել Հատուկ քննչական ծառայության անգործությունը իրենց հարազատների մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Հայցվորները հայտարարեցին, որ դիմելու նաեւ Վճռաբեկ դատարան` որպեսզի սպառեն ներպետական ատյաններն ու դիմեն Մարդու իրավունքների միջազգային դատարան:

Զոհերի հարազատները ասացին նաեւ, որ դատարանի այսօրվա վճիռը իրենց համար անսպասելի չէր: Նրանք, ի դեպ, որոշման հրապարակման պահին դահլիճում չէին:

«Սա էլ ոնց որ բողոքի մի ակցիա էր: Որոշմանն էլ չսպասեցինք, որպեսզի դատավորը համոզվի, որ մենք շատ լավ գիտենք, որ ինքը նորից պիտի անարդարացի որոշում ընդունի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Տիգրան Խաչատրյանը մայրը` Ալլա Հովհաննիսյանը:

Քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Մելիք Սարգսյանը դեռ նախքան խորհրդակցական սենյակ մտնելը հարց ուղղեց Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, թե ինչո՞ւ մինչեւ օրս սպանությունները չեն բացահայտվել եւ ե՞րբ կավարտվի նախաքննությունը:

Հարությունյանը, ի պատասխան, հայտարարեց. - «Որեւէ մեկը նախապես չի կարող կանխատեսել քրեական գործի ավարտման ժամկետը, առավելի եւս` երբ քրեական գործով չեն բացահայտված մեծ քանակությամբ հանգամանքներ, փաստեր, եւ հանցագործության դեպքերը ամբողջությամբ բացահայտված չեն»:

Հայտարարությամբ հանդես եկավ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը` ասելով, թե «ցանկության դեպքում նախաքննական մարմինը «վաղուց բացահայտած կլիներ մարտի 1-ի սպանությունները»:

«Գիտեն չորս ոստիկանների անուն-ազգանունները, [կրակելու] հրաման տվողների անուն-ազգանունները, գիտեն, թե որ ժամին են գնդակահարել, քանի մետր հեռավորությունից, ինչ զենքով: Եվ գիտենք, որ դա խստիվ արգելված զենք է եղել», - փաստարկեց Սարգիս Քլոյանը:

Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Գոռ Քլոյանը, հիշեցնենք, զոհվել են «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառման հետեւանքով:

Շուրջ մեկ տարի առաջ քրեական գործ է հարուցվել «Չերյոմուխա 7» հատուկ միջոցը կիրառած չորս ոստիկանների նկատմամբ, սակայն ցայսօր նրանց որեւէ մեղադրանք չի առաջադրվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG