Մատչելիության հղումներ

Օբամա. «Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ»


Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում
Թուրքիայի եւ Եվրամիության դրոշները Ստամբուլում
Թուրքիան պետք է դառնա Եվրոպական միության լիիրավ անդամ, այլապես այդ երկիրը կարող է դաշինքներ փնտրել Արեւմուտքից դուրս, իտալական Corriera della Sera պարբերականին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:

Թուրքական կառավարությունը պնդում է, որ չնայած պաշտոնական բանակցությունների առկայությանը` Եմրամիությանն անդամակցելու հարցում առաջընթաց չկա:

«Չնայած մենք Եվրամիության անդամ չենք, բայց մեր գնահատմամբ` Եվրամիության համար խելամիտ կլիներ ընդունել Թուրքիային», - ասել է Բարաք Օբաման:

Խոստովանելով հարցի չափազանց զգայուն լինելը եւ այն հանգամանքը, որ այդ հարցը բուռն զգացողություններ է առաջացնում ողջ Եվրոպայում, Միացյալ Նահանգների նախագահը, այնուամենայնիվ, բավական մանրամասն խոսել է Թուրքիայի դերի ու նշանակության մասին` «ռազմավարական» որակելով այն:

«Թուրքիան Արեւմուտքի համար ահռելի ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է, որը միշտ միացրել է Արեւելքն ու Արեւմուտքը: Այն հանգամանքը, որ նա մահմեդական գերակշիռ բնակչությամբ ժողովրդավարական երկիր է, նույնպես նրան դարձնում է տարածաշրջանի իսլամական այլ երկրների համար մոդել: Նա ՆԱՏՕ-ում է Արեւմուտքի դաշնակիցը, թուրքական տնտեսությունը էական աճ է արձանագրում», -նշել է Օբաման` կարծիք հայտնելով, որ այդ ամենը բավարար է Թուրքիային Եվրոպա ընդունելու համար:

Օբամայի այս նկատառումները հնչում են իրանական միջուկային ծրագրի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների ընդունումից հետո, երբ Թուրքիան, կողմ չարտահայտվելով դրանց, հարուցեց Միացյալ Նահանգների մտահոգությունը:

Այդ դեպքերից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Թուրքիային կոչ արեց «ցույց տալ իր հավատարմությունը Արեւմուտքին»:

Հնչեցին նաեւ տեսակետներ, թե Թուրքիան կորցրեց իր «հավատարմությունը»` Չինաստանի, Ռուսաստանի հետ դաշինք կազմելու համար:

Թուրքական թերթերը Միացյալ Նահանգների նախագահի այս հայտարարությունը գնահատել են իբրեւ «անդամակցության հարցով քայլեր ձեռնարկելու կոչ` Եվրամիությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG