Մատչելիության հղումներ

Հուլիսի 9-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Մեր կարծիքով, ղարաբաղյան քննարկումները պետք է սկսել երկու կարեւորագույն հարցերից: 1. Այն, ինչ ստանալու ենք տարածքների դիմաց, արդյո՞ք կատարելու է նույն ֆունկցիան, որն այդ տարածքներն են կատարում: Ազատագրված տարածքները մեզ համար իսկապես անվտանգության գոտու դեր են կատարում: Ընդ որում` լավ են կատարում այդ դերը. արդեն 16 տարի է ռազմական գործողություններ չեն վերսկսվում: Հիմա եթե հայկական զորքերի փոխարեն այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր մտնեն, արդյո՞ք կարող ենք համարել, որ մեր անվտանգությունը երաշխավորված է: 2. Նախքան տարածքների վերադարձի հարցը քննարկելը, պետք է հստակեցնել, թե ում իրավասության տակ է այդ հարցը: Ի վերջո, կարող է ստացվել այնպես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի այդ տարածքների մի մասը վերադարձնել (թեկուզ` ամենաիդեալական պայմաններով), բայց Ղարաբաղի իշխանությունները դրան դեմ լինեն: Ի՞նչ ենք անելու: Ղարաբաղում իշխանափոխությո՞ւն ենք իրականացնելու: Կամ Լաչինը փակելու ենք ու ասենք «դե հիմա ոնց ուզում եք, դիմացե՞ք»»:

«Իրավունք»-ը զրուցել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Նախագահների հայտարարությունում մատնանշվում են էական զիջումներ հայկական կողմից: Որքանո՞վ է մեզ համար ընդունելի, որ ռազմական առումով շատ շահեկան ձեւով տեղաբաշխված հայկական զինուժը փոխարինվի անհասկանալի տեղերում գտնվող խաղաղապահներով ու թղթային միջազգային երաշխիքներով»: Փոխնախարարը պատասխանում է. - «Հնարավոր փոխզիջումների մասին կարելի է խոսել, եթե համաձայնություն ձեռք բերվի երկու խնդիրների շուրջ: Առաջինը` Լեռնային Ղարաբաղի սուվերենության աստիճանը պետք է լինի ավելի բարձր, քան այսօր»: Հարց. «Երաշխիքների տեսակետից, եթե տեղաշարժվի շփման գիծը, ապա կստացվի, որ խաղաղապահ կոնտինգենտը պետք է 3-4 անգամ ավելի լինի, քան Արցախի զինուժը: Աբսուրդ չի՞ ստացվում»: Շավարշ Քոչարյանի արձագանքը. - «Խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցված լինեն կարգավիճակի եւ անվտանգության երաշխիքներ-խնդիրները: Դրանից հետո տարածքների շուրջ կարող են բանակցել Ադրբեջանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը: Չէ՞ որ Լեռնային Ղարաբաղի Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում են Ադբեջանի օկուպացիայի տակ»:

Պահպանողական կուսակցության նախագահը, հանդես գալով «Հրապարակ»-ում, գրում է. - «Եթե մենք ուզում ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի, ապա խաղաղություն հաստատողները պետք է լինեն ազատ մարդիկ, որոնք չեն գտնվում ԿԳԲ-ի սարդոստայնում: Դրա համար շատ պարզ բան է հարկավոր անել` բացել ԿԳԲ-ի արխիվները եւ հրապարակել ներքին գործակալների ցանցը: Բացահայտել նրանց, ովքեր ժամանակին «ստուկաչությամբ» են զբաղվել, նրանք, ովքեր այսօր էլ իրենց պատվիրատուների ու ղեկավարների առջեւ են հաշվետու եւ ոչ թե ժողովրդի առջեւ: Հիմա գոնե ընդամենը մի փոքր բան է հարկավոր` նրանք այլեւս պետք է իրավունք չունենան պետական բարձր պաշտոնների զբաղեցնել»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, պատգամավոր Արմեն Ռուստամյանին (ՀՅԴ) «Առավոտ»-ը հարցնում է. - «Համաձա՞յն եք այն գնահատականներին, թե ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները դառնում են ճգնաժամային»: Ռուստամյանի պատասխանը. - «Հարաբերություններն առայժմ ճգնաժամային չեմ գնահատի, բայց որ վերահաս վտանգներն իսկապես բավականին լուրջ են` դա ակնհայտ երեւում է: Մանավանդ նաեւ այն պատճառով, որ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստերում արդեն մի քանի անգամ մեր հարցի քննարկումները հետաձգվելու պատճառով խնդիրները կուտակվել են, ու մինչեւ օրս, ըստ էության, լիարժեք քննարկում տեղի չի ունեցել: Սակայն դա չի նշանակում, որ ասելիք չկա: Ընդհակառակը` վերահսկողության առումով մենք ունենք բավական լուրջ բացթողումներ»: Հարց. «ԵԽԽՎ-ի այս նստաշրջանի ընթացքում Դուք հրաժարվել էիք միանալ «Իր վերցրած միջազգային պարտավորություններին Հայաստանի շարունակաբար անհամապատասխան քաղաքականությունը» բանաձեւի նախագծին, քանի որ համաձայն չեք եղել այդ փաստաթղթում գործածված «քաղաքական դրդապատճառներով մեղադրված բանտարկյալներ» ձեւակերպմանը»: Պատասխան. - «ԵԽԽՎ-ում հիմա նաեւ զուգահեռ գործընթաց է ընթանում, եւ ես մասնակցել եմ Մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի կազմակերպած լսումներին, որոնք ուղղված են հենց քաղբանտարկյալ հասկացությունը, տերմինը սահմանելուն: Փորձը ցույց է տվել, որ երբ քաղբանտարկյալներին առնչվող զեկույցներ են ներկայացվում` միշտ անորոշ, տարաբնույթ շահարկումների առիթ են դառնում` մի պատճառով, որ չկա հստակ ձեւակերպում, թե ինչ ասել է քաղբանտարկյալ»:

«Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը գրում է. - «Հետխորհրդային տարածքի երկրների ներքին գործերին միջամտելու առումով ամերիկյան դեմոկրատները ունեն ինչպես իրենց ավանդական՝ ժողովրդավարական նախապատվությունները, այնպես էլ Ջորջ Բուշի վարչակազմից ստացած «գունավոր» ժառանգությունը։ Ուստի, թվում է, նման «կրկնակի բեռի» տակ հայտնված Բարաք Օբամայի վարչակազմը եւս պետք է կոշտ մոտեցումներ որդեգրեր տարածաշրջանում ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանդեպ։ Սակայն իրականությունն այն է, որ դեմոկրատների վարչակազմը ներքին ու արտաքին մի շարք պատճառներով, վերանայել է Ջորջ Բուշի վարչակազմին տխուր «փառք» բերած՝ հետխորհրդային երկրների ներքին գործերին ամեն առիթով միջամտելու եւ «գունավոր հեղափոխությունների» արտահանման քաղաքականությունը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG