Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «Վերջին քայլերը դեպի խաղաղություն ամենադժվարինն են»


«Վերջին քայլերը դեպի խաղաղություն սովորաբար ամենադժվարինն են», - կիրակի օրը Բաքվում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության` տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, Հելսինկյան սկզբունքների հիման վրա ինքնորոշման իրավունքի վրա հիմնված խաղաղ կարգավորման կողմնակից է:

«Միացյալ Նահանգները չի կարող լուծել հակամարտությունը, սակայն կարող է օգնել կողմերի մերձեցմանը, որպեսզի նրանք համաձայնության գան», - ասել է պետքարտուղարը: - «Նախագահ Օբաման վերահաստատեց այդ նվիրվածությունը Տորոնտոյի գագաթնաժողովի ժամանակ, եւ ես ընդգծեցի դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկումների ժամանակ»:

«Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին` հասնելու հակամարտության երկարատեւ խաղաղ կարգավորման», - վստահեցրել է Քլինթոնը եւ հավելել. - «Վերջին քայլերը դեպի խաղաղություն սովորաբար ամենադժվարինն են, սակայն մենք տեսնում ենք, որ խաղաղությունը հնարավոր է եւ պահանջված: Խաղաղությունը պետք է` կառուցելու երկու կողմերի համար բարգավաճ անվտանգ ապագա: Տարածաշրջանի եւ Ադրբեջանի բոլոր մարդիկ իրավունք ունեն անվտանգ կյանքի»:

Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, հայտնել է, որ Բաքվում ԱՄՆ-ի պետքարտուղարի քննարկած կարեւորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր:

«Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, նվիրված են խաղաղությանը տարածաշրջանում եւ ձգտում են, որպեսզի հակամարտությունը լուծում գտնի հնարավորինս շուտ», - ասել է Մամեդյարովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կիրակի օրը կայացած հանդիպումներից բացի, Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բաքվում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որոնք նախորդ երկու օրերին այցելել էին Ստեփանակերտ եւ Երեւան, իսկ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներ են ունենալու երկուշաբթի օրը:

Հիլարի Քլինթոնի Ադրբեջան այցի շրջանակներում նաեւ երիտասարդության հետ քննարկումներ են կայացել մամուլի ազատության եւ քաղաքական մասնակցության հարցերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG