Մատչելիության հղումներ

Արամ Համբարյան. «Քլինթոնի այցը պետք է քաղաքականությունը վերանայելու առիթ լինի»


Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին
Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ապրիլի 24-ին

Հայ հեղափոխական դաշնակցության Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը Հիլարի Քլինթոնի Երեւան կատարելիք այցի ընթացքում ակնկալում է Միացյալ Նահանգների պետքարտուղարի այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության ճանաչում:

Գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնելով, որ պետքարտուղարի առաջիկա այցը արտացոլում է Հայաստանի կարեւորությունն ու տարածաշրջանի դերը ամերիկյան ռազմավարության մեջ, միաժամանակ համոզմունք հայտնեց, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է օգտագործի այս առիթը` Ղարաբաղյան ու հայ - թուրքական արձանագրությունների խնդիրներում իր չհաջողված քաղաքականությունը վերանայելու համար:

«Եթե այս այցը քաղաքականությունը վերանայելու, վերագնահատելու, ավելի դրական ուղղությամբ փոխելու հնարավորություն է, ապա դրական զարգացում է, իսկ եթե պետք է շարունակի վերաամրագրել բացասական ավանդույթները, որին մենք ականատես ենք եղել վերջին 18 ամիսներին, ապա պակաս լավատես ենք այս այցի արդյունքների վերաբերյալ», - ընդգծեց Համբարյանը:

Նրա կարծիքով` ամենալավ քայլը, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարը հիմա կարող է անել հայ - թուրքական հարցում ամերիկյան քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելն ու Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ ուժեղ հայտարարությամբ հանդես գալն է . - «Այսպիսով նա Ամերիկան կբերի ճիշտ ուղու վրա եւ վերջ կդնի թուրքական մերժողականության այս շրջանին: Բայց եթե չանի դա` կլինի կորսված հնարավորություն»:

«Մենք տեսել ենք, որ այս վարչակազմը գնալով ավելի սխալ ուղղությամբ է շարժվում. նախընտրական քարոզարշավի ժամանակ ցեղասպանության ճանաչման խոստումից այն շարժվեց դեպի այս հարցի շուրջ լռության քաղաքականություն, այնուհետեւ պարզապես չճանաչեց , հետո ավելի հեռուն գնաց` հակադրվելով Կոնգրեսում ցեղասպանությունը ճանաչող օրենսդրությանը», - մանրամասնեց Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրենը:

Հարցին, թե Հիլարի Քլինթոնը հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ ի՞նչ ուղերձ կհղի Հայաստանի իշխանություններին, արդյոք կրկին հետամուտ կլինի՞ գործընթացի վերսկսմանը, Արամ Համբարյանը պատասխանեց, որ պետքարտուղարի վրա երկու ճնշումներ են լինելու. - «Մեկը ճնշում է Անկարայի կողմից` երկարաձգելու այս գործընթացը մի ապրիլի 24-ից մյուսը, պարզապես` որ Ամերիկան լուռ մնա ցեղասպանության հարցում եւ Թուրքիան կարողանա շարունակել իր մերժողականությունը եւս մեկ տարի: Մյուս ճնշումը` ճշմարտության կողմից է. հայ - թուրքական հարաբերությունները երբեք չեն բարելավվի, երբեք առաջընթաց չեն արձանագրի ցեղասպանության հարցում, եթե Հայոց ցեղասպանությանը չվերաբերվեն ճշմարտության եւ արդարության դիրքերից: Թուրքիան, իհարկե, կբողոքի, բայց ամերիկյան քաղաքականությունը պետք է հիմնված լինի ամերիկյան արժեքների եւ շահերի վրա»:

Կարծիք հայտնելով, որ պետք է ճշգրտվի նաեւ մոտեցումը Ղարաբաղյան կարգավորման խնդրում, Հայ դատի գրասենյակի ղեկավարը ասաց. - «Մենք նորից տեսանք, որ նախագահն ու պետքարտուղարը ճիշտ սկսեցին, բայց հետո շեղվեցին այդ ուղուց: Նախագահ Օբաման, երբ քարոզարշավ էր անցկացնում, ասում էր` «ես լուծելու եմ Լեռնային Ղարաբաղի հարցը ամերիկյան սկզբունքների` ժողովրդավարության եւ ինքնորոշման սկզբունքների հիման վրա»: Իրականում մենք տեսնում ենք հայկական կողմի նկատմամբ անվերջ շարունակվող ճնշումներ, Ղարաբաղի ժողովրդի վրա արտաքին ճնշումների դիրքորոշում, որը ժողովրդավարական չէ, որը սխալ է»:

«Եթե ամերիկյան այս նույն քաղաքականությունը կիրառվեր 1776 թվականին [ԱՄՆ-ի Անկախության հռչակագրի ընդունման տարեթիվը], ապա Միացյալ Նահանգները կմնար Բրիտանական կայսրության կազմում», - ամփոփեց Արամ Համբարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG