Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին կարող է հայտնվել հյուրանոցի բակում


Հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում
Հայ համայնքի ներկայացուցիչները Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում

Սուրբ Հողի համար պայքարը նոր չէ, որ սկսվել է, ու այդ համընդհանուր հակամարտության մեջ ցանկացած կողմ փորձում է եթե ոչ շահել, ապա գոնե իր ունեցվածքն ու կալվածքներն պահել: Հայոց պատրիարքարանը խոշոր հողատեր է համարվում Երուսաղեմում եւ այնպիսի հողակտորներ ունի, որոնց համար շատ ազգեր պատրաստ են հսկայական գումարներ վճարել: Սակայն հող կարելի է ձեռք բերել ոչ միայն ուղղակի գնելով, այլեւ այլ ճանապարհներով…

Դեռեւս 7 տարի առաջ հրեական շինարարական մի կազմակերպություն դիմել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարան` Նոր քաղաքի Գերմանական թաղամասում գտնվող հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքը վարձակալությամբ իրենց տրամադրելու խնդրանքով: Թաղամասում կառուցվելու էր հյուրանոցային համալիր, իսկ հայկական եկեղեցին էլ հայտնվելու էր հյուրանոցի բակում, համալիրի կամարների տակ, ինչը, անկասկած, անընդունելի էր:

Այս եկեղեցին կառուցվել է գերմանացիների կողմից 1887 թվականին եւ այնուհետեւ տեմպլիերների արտաքսվելուց հետո նվիրաբերվել Հայոց պատրիարքարանին:

Մի քանի ամիս առաջ Երուսաղեմի քաղաքապետարանի հետ այս շինարարական կազմակերպությունը համաձայնության էր եկել, եւ ըստ փոխադարձ պայմանավորվածության, առանց հայկական կողմի համաձայնության, որոշվել էր եկեղեցու հարակից տարածքը տրամադրել շինարարներին, իսկ որպեսզի հրեա բնակիչները չբողոքեն, ապա նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին որպես համայնքային կենտրոն պիտի տրամադրվեր հրեաներին: Թաղամասի բնակիչներն էլ ցույց էին կազմակերպել եւ մի փոքր ուշացումով հրավիրել էին նաեւ հայերին: 30 հայ ցուցարար էր մասնակցում բողոքի այս ակցիային, որի ընթացքում նաեւ կազմակերպվեց ստորագրահավաք:

«Պետք է փաստել, որ թե' 7 տարի առաջ եւ թե' այժմ Գերմանական թաղամասի բնակիչները դեմ են թաղամասի տարածքում բարձրահարկ հյուրանոցի կառուցմանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայոց պատրիարքարանի միաբան Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Տասնյակ հազարավոր մարդիկ, ըստ Կորյուն վարդապետի, իրենց համերաշխությունը հայտնեցին հայերին ու կտրականապես դեմ էին հյուրանոցի կառուցմանն ու հայկական հարակից տարածքը շինարարական կազմակերպությանը տրամադրելուն. այն ոչ միայն կփչացնի թաղամասի ընդհանուր պատմական եւ ճարտարապետական տեսքը, այլեւ հայկական մեկ ընտանիք անտուն կդառնա, քանզի ապրում է եկեղեցու տարածքում:

Երուսաղեմի քաղաքապետարանում գործող հատուկ հանձնաժողովը, որն զբաղվում է նման բողոքներով ու հիմնահարցերով, Կորյուն վարդապետ Բաղդասարյանի տեղեկացմամբ, արդեն 6 տարբեր ատյաններից բողոքներ է ստացել, ինչպես նաեւ առանձին նամակ` Հայոց պատրիարքարանից:

Թե ինչ ճանապարհներով էր շինարարական կազմակերպությունը ստացել Երուսաղեմի քաղաքապետարանի համաձայնությունը` հայտնի չէ, սակայն փոխարենը վստահաբար կարելի է փաստել, որ սա եզակի կռվախնձոր չէ Հայոց պատրիարքարանի ու քաղաքապետարանի միջեւ:

Մինչ օրս անհայտ է մնում հայկական գերեզմանատան մոտ գտնվող Սուրբ Փրկիչ կիսակառույց եկեղեցու ճակատագիրը, ավտոկանգառը տարիներով չի թույլատրվում նույնիսկ բարեկարգել, հայ բնակիչները նույնիսկ մեկ պատուհան սեփական տան մեջ բացելու իրավունք չունեն, ու դատական գործընթացները կարող են տարիներ տեւել, մինչեւ որոշում կկայացվի որեւէ խնդրի առնչությամբ:

Օրինակ, հուլիսի կեսերին հայտնի դարձավ, որ 4 տարի սպասելուց հետո քաղաքապետարանից վերջապես ստացվել է թույլտվություն Ժառանգավորաց վարժարանի բակում տեղադրված` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարերի ծրագրի շարունակման` հայկական կամարի շինարարական աշխատանքների համար:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում նախատեսվող շինարարության հետ կապված` այժմ ստորագրահավաք է կազմակերպվել տվյալ թաղամասի բնակիչների ստեղծած կայքէջում:

Հրեական մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` Իսրայելի առաջին ալիքը, անդրադարձել են հայ համայնքի ցույցին ու հայերի բողոքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG