Մատչելիության հղումներ

Նախագահների հայտարարությունը «ամբողջովին բավարարում է Ադրբեջանին»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում համանախագահող երեք երկրների նախագահների հայտարարությունը` Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում, ամբողջովին բավարարում է Ադրբեջանին: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովը։

«Հայտարարությունը գոհացնում է Բաքվին», - ասել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան եւ մանրամասնել. - «Նախ, եռանախագահող բոլոր երկրները ընդունում են ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստը։ Բացի այդ, հայտարարությունը պահանջում է դուրս բերել հայկական ուժերը ադրբեջանական գրավյալ տարածքներից, ինչպես նաեւ արտահայտում է այդ երկրների ցանկությունը` հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ»։

Հայտարարությունը կարեւորել եւ բարձր է գնահատել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ «Օկուպացիան` օկուպացիա է, եւ բոլորն են դա ընդունում», - երեկ երեկոյան Բեռլինում` Բունդեսթագի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մամեդյարովը եւ ընդգծել. - «Եթե մենք ուզում ենք խաղաղության հասնել տարածաշրջանում, ապա պետք է այն կառուցենք միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»։

Հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով մեկնաբանելով ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունը` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, մասնավորապես, ասել է. - «Պարոն Մամեդյարովի պնդումը, թե օկուպացիան` օկուպացիա է, իհարկե ճիշտ է, ինչը ենթադրում է, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օկուպացված տարածքներից: Ճիշտ է նաեւ, որ բացառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անեքսիան Ադրբեջանի կողմից, ինչը ապացուցեց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում»:

«Ողջունելի է այն պնդումը, որ խաղաղությունը պետք է հիմնվի միջազգային իրավունքի վրա: Հուսով եմ, որ Ադրբեջանի արտգործնախարարը չի մոռացել, որ միջազգային իրավունքի հիմնարար դրույթներից մեկը, որը հանդիսանում է ՄԱԿ-ի նպատակը`ժողովուրդների իրավահավասարությունը եւ ինքնորոշումն է: Եթե նույնիսկ մոռացել է, ապա Մուսկոկայի [ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների] հայտարարությունը հիշեցում է նրան եւ նրա ղեկավարներին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշում են ոչ թե իրենք, այլ Արցախի ժողովուրդը իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտությամբ», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG