Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ


Գրիգոլ Վաշաձե
Գրիգոլ Վաշաձե

Ռուսաստանը բավարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի խնդրանքը եւ նրան զրկել է Ռուսաստանի քաղաքացիությունից:

Քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը Վաշաձեն անցած տարվա նոյեմբերին էր ներկայացրել, եւ միայն օրերս Ռուսաստանի իշխանությունները համապատասխան որոշում կայացրեցին:

52-ամյա Գրիգոր Վաշաձեն երկքաղաքացի էր:

Նրան Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հարցն առաջին անգամ բարձրացրել էր Պետդումայի պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը 2009 թվականի նոյեմբերին` Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին մեղադրելով Միխեիլ Սահակաշվիլիի թիմակիցը լինելու եւ 2008 թվականի օգոստոսյան ռուս - վրացական պատերազմից հետո հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ:

Սակայն այդ ժամանակ Ռուսաստանի Պետդուման հրաժարվեց միջոցներ ձեռնարկել Վաշաձեին քաղաքացիությունից զրկելու համար` հիմնավորելով, որ Ռուսաստանի օրենսդրությունը նման ընթացակարգ չի նախատեսում:

Այնուհետեւ Վաշաձեն նամակ ուղարկեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` տեղեկացնելով քաղաքացիությունից հրաժարվելու որոշման մասին, եւ հայտարարեց, որ այդ պահից իսկ իր ռուսաստանյան քաղաքացիությունը ավարտված է համարում:

Վրաստանի արտգործնախարարը կյանքի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանում, ավարտել է Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտը եւ 1980-88 թվականներին աշխատել է ԽՍՀՄ-ի արտգործնախարարությունում: Ռուսաստանի քաղաքացիություն ստացել է Խորհրդային Միության փլուզումից հետո:

Վաշաձեն Մեծ թատրոնի նախկին պարուհի Նինո Անանիաշվիլիի ամուսինն է, տիկնոջ հետ Թբիլիսի է վերադարձել 2004 թվականին, երբ Վրաստանի նախագահը Անանիաշվիլիին հրավիրել է գլխավորելու Թբիլիսիի օպերայի եւ բալետի թատրոնը:

Վերադառնալուն պես Վաշաձեին Սահակաշվիլիի հրամանագրով շնորհվել է Վրաստանի քաղաքացիություն, հետո նախագահը նրան նշանակել է մշակույթի նախարար, ավելի ուշ` արտգործնախարար:

Վրաստանի ընդդիմությունը հաճախ է նախագահին քննադատել իր այս ընտրության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG