Մատչելիության հղումներ

Հունիսի 25-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանում սկսել են առողջ եւ զարմանալի իրողություններ դրսեւորվել: Մասնավորապես` Հայաստանի հասարակությունը կարծես թե ուշադրության չարժանացրեց Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ամառային նստաշրջանը: Այդ նստաշրջանում պետք է անդրադարձ լիներ Հայաստանի իրավիճակին, սակայն այդ հանգամանքով հանդերձ, ԵԽԽՎ նստաշրջանի սպասումները կարծես թե Հայաստանի հասարակական միջավայրում, քաղաքացիական շրջանակներում չառաջացրին որեւէ սպասում: Հասկանալի է, որ երբ տարիներ եւ ամիսներ շարունակ ԵԽԽՎ-ն աչք է փակում Հայաստանում առկա ակնհայտ հակաժողովրդավարական եւ հակամարդասիրական երեւույթների վրա, ապա միայն հիմարը կարող է այլեւս հետաքրքրվել նրանով, թե ինչ են մտածում այդ կառույցում Հայաստանի վիճակի մասին: Ինչ ուզում են, թող մտածեն, քանի որ այլեւս ցանկացած բանական ու գրագետ մարդու համար պետք է պարզ լինի, որ այդ կառույցում ինչ էլ որ մտածեն, դրա ելակետը ամենեւին էլ Հայաստանի քաղաքացու շահը, Հայաստանն ավելի ժողովրդավարական եւ արդիական արժեքներ կրող պետություն տեսնելու ցանկությունը չէ: Ուրեմն ի՞նչ կապ ունի, թե ինչ են մտածում Եվրոպայի խորհրդում կամ որեւէ այլ կառույցում: Այդ մասին թող մտածեն իշխանությունն ու քաղաքական ուժերը` ընդդիմությունը»:

Անդրադառնալով «Լեզվի մասին» օրենքի երեկվա խորհրդարանական քննարկումներին` «Կապիտալ»-ը գրում է. - «Չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակության, ընդ որում, հասարակության կրթված հատվածի, եթե ոչ ողջ, գոնե մեծ մասը դեմ էր օտարալեզու դպրոցների վերաբացման նախագծին, այն ընդունվեց, ընդ որում՝ ընդունվեց, այսպես ասած, երկակի լրամշակված տարբերակով։ Հիմա պատկերացնենք մի իրավիճակ, երբ կարգավորվել են հայ-թուրքական հարաբերությունները, իսկ «Լեզվի մասին» օրենքում կատարվել է փոփոխություն։ Թուրքիայի կառավարությունը Հայաստանի կառավարության հետ պայմանագիր է կնքում թուրքական դպրոց բացելու շուրջ։ Պատկերացրեք՝ Հայաստանում սկսելու ենք մեծացնել, զարգացնել ու բազմացնել թուրքական մշակույթը, լեզուն, պատկերացումները, ամենակարեւորը` թուրքական լեզվամտածողությունն ու մենթալիտետը, ընդ որում՝՝ էլիտար մակարդակով։ Հետաքրքիր է՝ այս տեսլականն ինչ-որ կերպ հնարավո՞ր է տեղավորել նժդեհական գաղափարախոսության մեջ»:

Խոսելով «պայմանավորված պատերազմի» վարկածների մասին` «Չորրորդ ինքիշխանություն»-ը գրում է. - «Տեսականորեն հնարավո՞ր է, որ գերտերությունների միջեւ նման կարգի պայմանավորվածություն լինի, եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն էլ այդ մասին տեղեկացված լինեն: Դա գրեթե բացառված է: Ինչո՞ւ: Որովհետեւ գերտերությունները ցանկացած դեպքում կարող են նոր պատերազմ հրահրել` առանց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ պայմանավորվելու: Պարզ ասած` եթե դրա նպատակը Ֆիզուլի կամ Քելբաջար խաղաղապահ ուժեր մտցնելն է, ի՞նչ պարտադիր է, որ հազարավոր զոհեր լինեն, կամ կողմերից մեկը տասնյակ կիլոմետրերով առաջ շարժվի: Դրա փոխարեն ընդամենը մի քանի օր շարունակ տակտիկական մարտեր են ընթանում, խաղաղապահներն էլ որոշել են «խաղաղության պարտադրման օպերացիա» իրականացնել: Այլ հարց է, որ բանակցությունների այս փուլում քննարկվում է նաեւ խաղաղապահների տեղաբաշխման հարցը, ինչի մասին վկայում են ե'ւ տեղեկատվական արտահոսքերը, ե'ւ Իրանի հայտարարությունները այդ թեմայով, ե'ւ Թուրքիայի աշխուժացումը Նախիջեւանի հետ կապված, ե'ւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան, ե'ւ Հայաստան - ՆԱՏՕ քննարկումները: Այս ամենը, սակայն, հազիվ թե կապ ունենա «պայմանավորված պատերազմի» սցենարի հետ»:

«Իրավունք»-ը ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցնում է. - «Ո՞րն է լինելու Հայաստանի պատասխան քայլը հունիսի 18-ի միջադեպերի եւ Ալիեւի «մասկի շոուների» հետ կապված»: Շարմազանովը պատասխանում է. - «Ես կարծում եմ, որ այս հարցում շատ լուրջ արձագանք եւ հետեւություն պետք է լինի ռուսական կողմից, քանի որ միջնորդ երկիրը Ռուսաստանն է, թեեւ այստեղ անարգանք կար ոչ միայն բանակցային կողմերի, այլեւ համանախագահող երկրների նկատմամբ: Բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի ապտակը չի ուշանա, ուղղակի հարկավոր է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ լինում են երեւացող եւ չերեւացող ապտակներ... Ճտերն աշնանն են հաշվում, եւ մենք դա կտեսնենք»:

«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Նորացված սկզբունքներ կոչվող տարբերակը իր հիմնական կետերում չի կարող հակասել «մայր փաստաթղթին»։ Սա նշանակում է, որ, այսպես կոչված, «նորացված սկզբունքներ» անվանումով աշխատանքային տարբերակը թեեւ նախկինի շարունակությունն է, այնուամենայնիվ պարունակում է որոշակի ռիսկեր։ Բնական է, որ ինչպես մյուս աշխատանքային փաստաթղթերը, այնպես էլ այս մեկը կարող է նաեւ չընդունվել որպես բանակցությունների հիմք։ Ավելին՝ քանի որ 2007թ. Մադրիդյան փաստաթուղթը արդեն ընդունվել է իբրեւ բանակցային հիմք, այսինքն՝ քննարկումները շարունակելու համար անհրաժեշտ նախնական տարբերակ, ապա, մերժելով «նորացված սկզբունքները», Հայաստանը չի ձախողում Մադրիդյան գործընթացը։ Այսինքն՝ Հայաստանը սրանով ամենեւին էլ չի հրաժարվում Մադրիդյան սկզբունքների հիման վրա բանակցությունները շարունակելու իր պարտավորությունից»։

«Ժամանակ»-ի թղթակիցը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ռուսաստանի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին հարցնում է. - «Պաշտոնական Բաքուն անվերջ հայտարարում է, որ Հայաստանը չի ընդունում Մադրիդյան նորացված առաջարկները»: Պոպովը մեկնաբանում է. - «Ես կխուսափեի կոչել` Մադրիդյան առաջարկնե՞ր, թե՞ Մադրիդյան նորացված առաջարկներ:... Կարեւորն այն է, որ գոյություն ունի կարգավորման սկզբունքների որոշակի խումբ, բայց ընդհանուր հասկացություն չկա դրա շարունակականության եւ այդ սկզբունքների իրականացման ալգորիթմի շուրջ, այդ իսկ պատճառով գոյություն ունի մեր` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներիս աշխատանքը, որը կայանում է հենց նրանում, որպեսզի ներկայացնենք որոշակի տարբերակներ: Գոյություն չունի որպես այդպիսին` կարգավորման առաջարկների նորացված մի տարբերակ, այսինքն` մենք մշտապես աշխատում ենք, որոշ տարրեր ընդունելի են, մյուսները` ոչ, եւ հենց սրանց շուրջ են այժմ աշխատանքներ տարվում, եւ պետք է գտնել փոխընդունելի տարբերակ: Մինչդեռ իրականում խնդիրը շատ ավելի բարդ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG