Մատչելիության հղումներ

Խալաֆյանի մահվան գործը ուղարկվեց դատարան. մեղադրանք է առաջադրվել 4 ոստիկանի


Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ապրիլի 13-ին Չարենցավանի ոստիկանություն բերման ենթարկված 24-ամյա Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, գործը ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի 4 աշխատակիցների` բաժանմունքի պետին եւ 3 ավագ օպերլիազորների, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` «նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»:

Աշոտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի երրորդ մասով, որով սահմանված է 6-ից մինչեւ 10 տարվա ազատազրկում, օպերլիազորներ Մ. Հայրապետյանին, Գ. Դավթյանին եւ Գ. Ղազարյանին` 308 հոդվածի առաջին մասով, որով սահմանված ամենախիստ պատիժը 4 տարվա ազատազրկումն է, ամենամեղմը` տուգանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG