Մատչելիության հղումներ

Քննարկվում է «Երիտասարդ ընտանիքներին՝ մատչելի բնակարան» ծրագիրը ավելի մատչելի դարձնելու հարցը


Հայաստան -- Շինհրապարակ Երեւանում
Հայաստան -- Շինհրապարակ Երեւանում

«Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրից անցած 3 ամիսների ընթացքում օգտվել է 80-ից ավելի շահառու: Ծրագրի շրջանակներում հատկացված 3 միլիարդ դրամից օգտագործվել է 740 միլիոնը։

Անցած շաբաթ օրը տեղի ունեցած Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի ընդլայնված նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե ծրագիրը դանդաղ է առաջ գնում եւ կարիք է առաջացել «անդրադառնալ վարկային պայմաններին»։ Վարչապետ Սարգսյանը ընդգծել էր, որ պետք է վերանայվեն առաջնային վճարի գումարը, վճարման ժամկետներն ու տոկոսադրույքները, որպեսզի երիտասարդների համար տրամադրվող վարկերը ավելի մատչելի դառնան:

Ծրագրի իրականացնող «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը, սակայն, դժգոհ չէ արդյունքներից։ Երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա խոստովանեց, որ որոշակի խնդիրներ տեսնում է վարկային կանխավճարի հետ կապված, քանի որ, շատ դեպքերում, երիտասարդ ընտանիքը ունենում է բավական եկամուտներ, սակայն չունենալով անհրաժեշտ կանխավճարի գումարը, չի կարողանում օգտվել ծրագրից։

«Մենք միգուցե պետք է փորձենք այնպես անել, որ հենց նպատակային խավը կարողանա օգտվել», - ասաց Եդիգարյանը՝ նշելով, որ քննարկվում են ծրագրի պայմանների մեղմացման տարբեր հնարավորություններ։

Քարամյան.
Կան ռեսուրսներ, որոնք ներգրավելով հնարավոր է նվազեցնել կանխավճարի
չափը ...
Ծրագրի ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը: Փոխնախարար Արսեն Քարամյանի կարծիքով, ծրագիրը դանդաղ է ընթանում: Վարչապետի մոտ քննարկումների ժամանակ Քարամյանը հայտնել է իր մտահոգությունը, մասնավորապես, կապված կանխավճարի գումարի չափի հետ:

«Կարծում եմ, որ 30 տոկոս կանխավճարը մի փոքր հասանելի չէ մեր երիտասարդ ընտանիքներին եւ այն անպայմանորեն վերանայման կարիք ունի», - ասաց Քարամյանը՝ հիշեցնելով, որ շաբաթ օրվա իր ելույթում վարչապետը խոսել էր այն մասին, որ կան անհրաժեշտ ռեսուրսներ։ Այդ ռեսուրսները ներգրավելով հնարավոր է նվազեցնել կանխավճարի չափը, կարծում է Քարամյանը։

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով սահմանվում են որոշակի նախապայմաններ: Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, միեւնույն ժամանակ ընտանիքի անդամներից ոչ մեկի տարիքը չի գերազանցում 35 տարեկանը։ Ծրագրի շահառու կարող է լինել նաեւ երեխա ունեցող միայնակ ծնողը, որի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը:

Բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվում է առնվազն 10 տարի մարման ժամկետով։ Վարկը տրամադրվում է 10.5-ից 11 տոկոս-ով, որից 2 տոկոսը սուբսիդավորում է պետությունը:

Բնակարանի գինը Երեւանում եւ մարզերում չի կարող գերազանցել 16 միլիոն դրամը, իսկ կանխավճարը կազմում է ոչ ավելի, քան բնակարանի արժեքի 40 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG