Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպեց Անգելա Մերկելի հետ


Այսօր կեսօրին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։

Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները հայտարարել են, թե ի թիվս քաղաքական հարցերի, քննարկել են նաեւ տնտեսական հարաբերությունները սերտացնելու եւ ընդարձակելու, Հայաստանում Գերմանիայի կողմից նոր ներդրումներ կատարելու եւ համատեղ ձեռնարկություններ հիմնելու ծրագրերը։

Հանդիպման ընթացքում, ըստ Մերկելի, քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիություն մուտքի վիզաների տրամադրման կարգը հեշտացնելու եւ երկկողմ տնտեսական կապերը ամրապնդելու հնարավորությունները։

Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում անդրադառնալով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը Հայաստանի հետ հաշտեցման գործընթացում լավատեսություն չի ներշնչում։

«2008 թվականին, երբ մենք սկսեցինք այս գործընթացը, գիտակցում էինք, որ հայ - թուրքական հարաբերությունները կարող են ձեւավորվել մեծ քաղաքական կամքի դեպքում, որը, սակայն, մենք չտեսանք Թուրքիայի կողմից, եւ տեսանք անգամ, որ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվում խորհրդարանում եւ սառեցրինք գործընթացը», - ասել է Հայաստանի նախագահը։

Երկու առաջնորդները քննարկել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: «Գերմանիան աջակցում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին», - հայտարարել է Անգելա Մերկելը` ընդգծելով, որ հակամարտության կարգավորումը հսկայական նշանակություն ունի տարածաշրջանի համար։

Իր հերթին, Հայաստանի նախագահը երախտագիտություն է հայտնել պաշտոնական Բեռլինին` Հարավային Կովկասի նկատմամբ որդեգրած հավասարակշիռ քաղաքականության եւ աճող հետաքրքրության, ինչպես նաեւ Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG