Մատչելիության հղումներ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հրաժարական է տվել


Մխիթար Մնացականյան
Մխիթար Մնացականյան
Մխիթար Մնացականյանը հրաժարական է տվել Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Այս լուրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեցին թե' կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը եւ թե' «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը վերապահված է «Բարգավաճ Հայաստան»-ին: Մխիթար Մնացականյանը նախարար էր նշանակվել անցյալ տարվա նոյեմբերին` այդ պաշտոնից Գեւորգ Պետրոսյանի հրաժարականից հետո:

Մնացականյանի հրաժարականի պատճառների մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Խաչիկ Գալստյանը ասաց. - «Այս պահի դրությամբ պատճառների մասին ես չեմ կարող որեւիցե բան հայտնել, միայն կարող եմ հաստատել, որ, այո, պարոն Մնացականյանը հրաժարականի դիմում ներկայացրել է: Մամուլում ապագայում մենք կխոսենք նաեւ պատճառների մասին»:

Նոր թեկնածությունների հարցը, ըստ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարի խոսնակի, դեռ չի քննարկվել. - «Նախագահը երբ հրաժարականի դիմումը ընդունի` դրանից հետո կուսակցությունը կառաջադրի նոր թեկնածու»:

«Սոցիալական ապահովության ոլորտը մեր երկրի ամենածանր կառավարման ոլորտներից մեկն է, ըստ էության, երկրի ողջ բնակչությունը այդ ոլորտի շահառուներից է հանդիսանում, այդ իսկ պատճառով էլ այս ոլորտի հետ կապված հիմնախնդիրներին համակողմանի, համակարգային լուծումներ տալը միշտ, բոլոր ժամանակներում էլ դժվար է», - ընդգծեց Գալստյանը:

«Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ, ամեն դեպքում, ինչ-որ դժվարություններ են եղել հրաժարականի պատճառը», - այս հարցին «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի խոսնակը արձագանքեց. - «Ամեն դեպքում, կարճաժամկետ կտրվածքով` այն խնդիրները, որ դրվել էին նախարարի առջեւ, դրանք բոլորն իրականացվել են: Իսկ երկարաժամկետ ստրատեգիայի առումով` այո, կուսակցությունը կառաջարկի նոր թեկնածու, որը կիրականացնի այդ ոլորտի երկարաժամկետ ռազմավարությունը»:

Հարցին` «երկարաժամկետի գծով պարոն Մնացականյանը չէ՞ր բավարարում», Խաչիկ Գալստյանը պատասխանեց. - «Ոչ թե չէր բավարարում, այն ժամանակ` նախկին նախարարի հրաժարականից հետո, ըստ էության, պարոն նախարարին առաջարկվեց այս ոլորտը` պարոն Ծառուկյանի հանձնարարությամբ, եւ այն ժամանակ կոնկրետ, ավելի կարճաժամկետ խնդիրներ էին նրա առջեւ դրված»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG