Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները


Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովսկի պալատում հինգշաբթի երեկոյան հանդիպել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները:

Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպումը մեկնարկել է նախատեսվածից մոտ կես ժամ ուշացումով եւ անցել փակ ռեժիմով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպումը մեկնարկել է երեք նախագահների մասնակցությամբ, ապա նրանց են միացել արտգործնախարարները: Հանդիպմանը հաջորդել է Ռուսաստանի նախագահի անունից տրված աշխատանքային ընթրիք` նախագահների եւ արտգործնախարարների մասնակցությամբ: Հանդիպումից հետո արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում գրանցվել է այն, ինչին կողմերը հասել են բանակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել այդ արդյունքների հիման վրա: Նախագահները հանձնարարել են արտգործնախարարներին շարունակել ակտիվ բանակցությունները:

Հանդիպման վերաբերյալ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասված է, որ նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանգուցային խնդիրները:

«Նշվել է կողմերի դիրքորոշումների մերձեցումը կարգավորման հիմնական սկզբունքների տեքստի մի շարք վիճելի դրույթների շուրջ», - նշված է Կրեմլի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում: - «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հաստատել են այդ փաստաթղթի վրա աշխատանքը ավարտելուն ուղղված երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը»:

Սանկտ Պետերբուրգում են նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, որոնց, ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Սերժ Սարգսյանը միջնորդների հետ հանդիպելու է ուրբաթ օրը: Նալբանդյանը տեղեկացրել է նաեւ, որ համանախագահները ծրագրում են հուլիսի սկզբին այցելել տարածաշրջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG