Մատչելիության հղումներ

Իսրայելը կմեղմի Գազայի հատվածի շրջափակումը


Իսրայելի կառավարությունը այսօր հաստատել է Գազայի հատվածի շրջափակումը մեղմելու ծրագիրը:

Վարչապետ Բենջամին Նաթանյահուի գրասենյակի տարածած հայտարարությունում ասված է, որ ծրագիրը «կազատականացնի համակարգը, որի միջոցով Գազա են մտնում քաղաքացիական նշանակության ապրանքները, եւ կընդլայնի միջազգային հանրության հսկողության տակ իրականացվող քաղաքացիական նախագծերի համար նախատեսված նյութերի ներհոսքը»:

Հաղորդագրությունների համաձայն` ծրագրում ներառված է նաեւ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող շինարարական նախագծերի համար պահանջվող շինանյութը:

Միաժամանակ, Իսրայելը շեշտում է, որ շարունակելու է զենքի եւ ռազմամթերքի ներհոսքի կանխմանը ուղղված անվտանգության միջոցառումները:

Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Իսրայելը արագ կիրականացնի հաստատված ծրագիրը:

Մայիսի 31-ին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» վրա իսրայելցի զինվորականների հարձակման հետեւանքով 9 մարդ զոհվեց: Միջազգային հանրությունը դատապարտեց Իսրայելի այդ գործողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG