Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը ընտրվել է Միջերկրական օմբուդսմանների միավորման անդամ


Երեկ Մադրիդում տեղի ունեցած Միջերկրական օմբուդսմանների միավորման ամենամյա ընդհանուր ժողովի ընթացքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ընտրվել է Միավորման լիարժեք անդամ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Միջերկրական օմբուդսմանների միավորումը հիմնադրվել է 2008 թվականին Միջերկրական օմբուդսմանների ցանցի հենքի վրա: Միավորման անդամներն են Իսպանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի եւ մի շարք այլ երկրների օմբուդսմաններ, մարդու իրավունքների հանձնաժողովներ, գիտահետազոտական հաստատություններ:

Մադրիդում տեղի ունեցած ժողովի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաեւ Թուրքիայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի առաջարկությունը` մշակել եւ հրապարակել հատուկ հայտարարություն Իսրայելի կողմից Գազայի հատվածի շրջափակման եւ այնտեղ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:

Արմեն Հարությունյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների հիմնական առաքելությունը իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն է, իսկ եթե որոշում կայացվի քննարկել միջպետական խնդիրները, ապա պետք է քննարկել բոլոր տեսակի շրջափակումների խնդիրները, այդ թվում եւ Հայաստանի շրջափակումը` միասնական հայտարարություն մշակելու նպատակով:

Բանավեճի արդյունքում որոշվել է զերծ մնալ համատեղ հայտարարությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG