Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Բաթումիում հանդիպել է Սահակաշվիլիի հետ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ օրվա երկրորդ կեսին Վրաստանի նախագահի կողմից տրամադրված ուղղաթիռով Թբիլիսիից մեկնել է Բաթումի, ուր նրան ընդունել է Միխեիլ Սահակաշվիլին:

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանի ղեկավարին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները:

Միխեիլ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ գործակցությունը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Սահակաշվիլին եւ Նալբանդյանը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տնտեսական համագործակցության ծրագրերի իրականացումը:

Զրույցի ընթացքում արծարծվել են նաեւ վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները:

Նալբանդյանը ներկայացրել է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը եւ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Վրաստանի նախագահը խնդրել է իր բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Էդվարդ Նալբանդյանը Վրաստանում հանդիպում է ունեցել նաեւ հայ համայնքի հետ, որի ժամանակ խոսել է հայ - վրացական հարաբերությունների ներկայի եւ հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդել իր հանդիպումների մասին, ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Ավարտելով այցելությունը Վրաստան` Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG