Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը սկսեց հանդիպումները Հայաստանում


ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի հարցերով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագյան ժամանել է Երեւան:

Այսօր ընդունելով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին` Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը ներկայացրել է իշխանությունների կողմից մարդու իրավունքների պաշտպանի կառույցի ամրապնդմանն ուղղված քայլերը, այդ թվում ֆինանսական աջակցությունը, ընդգծել կառույցի անկախ գործելու կարեւորությունը: Նշվել է, որ Հայաստանում գրանցվել եւ գործում են 3 հազարից ավելի հասարակական կազմակերպություններ:

Զրուցակիցները քննարկել են նաեւ մայիսին Հայաստանի ներկայացրած համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի արդյունքները: Նշվել է, որ գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորություններն ի կատար կածվեն Մարդու իրավունքների խորհրդի սեպտեմբերյան նիստում զեկույցի պաշտոնական հաստատումից հետո:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը ժամանել է Հայաստանի կառավարության կողմից 2006 թվականին ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին փոխանցված մշտական հրավերի հիման վրա: Նման հրավեր փոխանցել են հիմնականում Արեւմտյան Եվրոպայի երկրները: ԱՊՀ-ի երկրներից նման հրավեր ներկայացրել են միայն Հայաստանը, Ղազախստանը եւ Ուկրաինան: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի կողմից սահմանվել եւ գործում են 39 հատուկ զեկուցողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG