Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Թուրքիայից իրական պատրաստակամություն ենք սպասում»


Պաշտոնական Երեւանը Անկարայից հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման «իրական պատրաստակամություն» է սպասում: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` վրաց պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ հանդիպման ավարտին կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Նալբանդյանը ընդգծել է, որ «կապված մի քանի ամիս առաջ թուրքական խորհրդարանի կողմից երկու արձանագրությունների արգելափակման հետ` տվյալ փուլում որոշակի ընդհատում կա փաստաթղթերի վավերացման առնչությամբ»: «Սկսվել էին խոսակցություններ որոշակի նախապայմանների մասին, ինչը տվյալ հարցի քննարկումը կասեցնելու պատճառ դարձավ», - մանրամասնել է Հայաստանի արտգործնախարարը:

Պատասխանելով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Վրաստանի հնարավոր դերակատարության մասին հարցին` Էդվարդ Նալբանդյանը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է, որ գործընթացի սկզբից եւ ընթացքում ամբողջ միջազգային հանրությունը աջակցում էր դրան, եւ, բնականաբար, Հայաստանը ողջունում է բոլոր երկրների ցանկությունը` նպաստելու հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եւ հավելել է, որ այս պահին խնդիրը Թուրքիայի վերադարձն է նախապայմանների լեզվին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ չկան անլուծելի հարցեր:

«Գրուզիա օնլայն»-ի վկայությամբ` Գրիգոլ Վաշաձեն, իր հերթին, ասել է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ մոտ մեկ ժամ տեւած հանդիպմանը քննարկված հիմնական հարցը «Վրաստանի` Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում» տիրող իրավիճակն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG