Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց


Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը:
2008 թվականի նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների կապակցությամբ 8 տարվա ազատազրկման դատապարտված Սասուն Միքայելյանը ուրբաթ առավոտյան տեղափոխվել է «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն:

Կենտրոնի սրտաբաններից Արեւիկ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, Միքայելյանը գանգատվում է շնչարգելությունից, կրնծքավանդակի շրջանում սուր ցավերից:

Ստեփանյանը հավելեց, որ արդեն իրականացվել է վերազոնդավորում, եւ պարզվել է, որ Միքայելյանի գանգատները արտասրտային են: Այդուհանդերձ, բժիշկները խորհուրդ են տվել 6-12 ամիս հետո կրկին վերազոնդավորում անցնել:

Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, վիրահատության էր ենթարկվել 4 ամիս առաջ` կատարվել էր ստենդավորում:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Միքայելյանը ազատազրկման էր դատապարտվել «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «ապօրինի զենք-զինամթերք պահելու» մեղադրանքով:

Սրտաբանական կենտրոնում նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «Հայաստանում բոլորն էլ գիտեն, որ Սասունը որեւէ հանցանք չի գործել, նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել»:

Ըստ նախկին զինդատախազի, այն մասին, որ Սասուն Միքայելյանը զենք է ունեցել, իմացել են թե' նախկին եւ թե' գործող նախագահը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Սասուն Միքայելյանը ազատ կարձակվի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրությունները, Ջհանգիրյանը արձագանքեց, թե ընտրությունները «լինելու են արտահերթ», եւ «եթե մինչեւ այդ նա ազատ չարձակվի, Սասունին կազատեն Հայաստանի նոր իշխանությունները»:

Սրտաբանական կենտրոնում այսօր հավաքվել էին Սասուն Միքայելյանի ընկերները ու համագյուղացիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG