Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյանը վերընտրվեց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակի պաշտոնում


Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը:

Լեռնային Ղարաբաղի նորընտիր խորհրդարանը հինգշաբթի օրը գումարած անդրանիկ նիստում Աշոտ Ղուլյանը վերընտրվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնում:

Մինչեւ խորհրդարանի ղեկավար մարմինների ընտրությունը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, շնորհավորելով նորընտրիր պատգամավորներին, ասաց, որ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերից պահանջվում է «սկզբունքային, ակտիվ ու կառուցողական աշխատանք»:

«Միմյանց նկատմամբ բարյացկամ ու հանդուրժողական վերաբերմունքը մեծապես կնպաստի հաջող ու արդյունավետ գործունեւության իրականացմանը», - ասաց նա:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի շենքը Ստեփանակերտում:
Դրանից քիչ անց Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը դրսեւորեցին քաղաքական համերաշխության առաջին քայլը. մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» կուսակցությունն իրեն պատկանող խոսնակի պաշտոնը «նվիրեց» Արցախի ժողովրդավարական կուսակցությանը, ու Աշոտ Ղուլյանը վերընտրվեց:

Դիմելով պատգամավորներին` Ղուլյանն ասաց, որ իր թեկնածության առաջադրումը խոսում է «ղարաբաղյան քաղաքական դաշտի համերաշխության մասին», ինչը պիտի դառնա «նորընտիր խորհրդարանի աշխատաոճը»:

Խորհրդարանի փոխխոսնակ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության փոխնախագահ Արթուր Թովմասյանը: Ընտրվեցին նաեւ մշտական հանձնաժողովների նախագահները:

Պարզ են դարձել նաեւ խումբ-խմբակցությունների կազմերը. «Ազատ հայրենիք» կուսակցության «Հայրենիք» խմբակցությունը ամենամեծն է` 14 պատգամավոր: Արցախի ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» խմբակցությունն ունի 10 պատգամավոր, ՀՅԴ-ի խմբակցությունը` 6, իսկ «Արցախատուն» պատգամավորական խումբը` 3:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG