Երկուշաբթի օրը Թուրքիայում բացվելու է ասիական փոխգործակցության հարցերին նվիրված միջազգային համաժողով։ Այն շարունակվելու է երեք օր։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երկու տասնյակ երկրների, կառավարությունների ղեկավարների թվում համաժողովին մասնակցելու են Ադրբեջանի, Ուկրաինայի, Պակիստանի, Մակեդոնիայի նախագահները, Ռուսաստանի, Չինաստանի վարչապետները, Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Համաժողովի մասնակցելու է նաեւ Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Քեթրին Էշթոնը։
Ակնկալվում է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ կստորագրվի Ադրբեջանից Թուրքիա գազի մատակարարման մասին
պայմանագիրը, որի ստորագրումը ավելի վաղ էր նախատեսված:
Ըստ վերլուծաբանների` հետաձգման պատճառը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու գործընթացն էր։
Հաղորդագրությունների համաձայն` այս համաժողովի շրջանակներում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հունիսի 8-ին հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ:
«Ասիայում փոխգործակցության եւ վստահության ստեղծման խորհրդակցություն» կազմակերպությունը ստեղծվել է 2002 թվականին։ Այս կազմակերպության անդամ է 20 երկիր։