Մատչելիության հղումներ

ԱրմՌոբոտիքսն այս տարի ռազմական ուղղվածություն ուներ


Հայաստանի Ռոբոտների Բաց Առաջնություն կամ ArmRobotics մրցույթը այս տարի ռազմական ուղղվածություն ուներ: Մասնակից թիմերը նախագծել եւ պատրաստել էին ռոբոտներ, որոնք ականապատված դաշտում գտնում էին հողի տակ պահված ականները եւ սերվերին ուղարկում դրանց դասավորության քարտեզը:

Ռոբոտը պետք է ունենա սահմանափակ քաշ եւ չափեր: Ռոբոտը պայթել է, թե ոչ, պարզվում է միայն ականների ձայնային ազդանշաններից: Հաղթող կճանաչվի այն թիմը, որն իր առջեւ դրված խնդիրը կլուծի նվազագույն ժամանակում, նվազագույն սխալներով:

«Փորձում ենք Հայաստանում զարգացնել ռոբոտաշինության ոլորտը», - ասաց ԱրմՌոբոտիքս մրցույթի մենեջեր Մարիամ Նահապետյանը:

Մրցույթին ներկայացված ռոբոտներն առայժմ իրական ականապատ դաշտում հնարավոր չէ գործարկել: Սա նախնական աշխատանք է, հետագայում այս ռոբոտներն իրական ռազմական գործողություններում կիրառելու համար լուրջ ներդրումներ են հարկավոր:

Քանի որ մրցույթն ուներ ռազմական ուղղվածություն, կազմակերպիչները դիմել են նաեւ պաշտպանության նախարարությանը` մասնակիցների համար նախնական դասընթացներ կազմակերպելու համար: Նախարարությունը միայն բանավոր կերպով դրական գնահատական է տվել մրցույթին, բայց որեւէ օգնություն չի առաջարկել:

Վերջին 4 ամիսների ընթացքում կազմակերպված նախնական մրցույթների ընթացքում, թիմերը ժյուրիին են ներկայացրել իրենց նախագծած եւ պատրաստած ռոբոտները եւ ստացել գնահատականներ: Ժյուրիի անդամ, «Ինդասթրիալ թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Արթին Մելիքյանի խոսքով` մասնակից թիմերը բավականին պատրաստված են, բայց բուհերում դեռ մի շարք խնդիրներ կան, «տեխնիկան է հին, նաեւ ուսուցման մեթոդները»:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած ԱրմՌոբոտիքս մրցույթի առաջին տեղի համար նատեսված է 300.000 դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 200.000, իսկ երրորդի համար` 100.000 դրամ: Արդյունքներն ու հաղթողների անունները կհայտարարվեն հունիսի 9-10 Երեւանում կայանալիք «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող 3-րդ ամենամյա DigiTec բիզնես ֆորումի ընթացքում:

XS
SM
MD
LG