Մատչելիության հղումներ

Հունիսի 2-ի մամուլ


«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. - «Քանի որ ոստիկանական բռնություններին որեւէ իրավաբանական բացատրություն չի տրվում, ես ինձ իրավունք եմ վերապահում շարժվել տրամաբանությամբ: Քաղաքացիների ցանկացած խումբ իրավունք ունի հասարակական ցանկացած վայրում խաղաղ ակցիաներ անցկացնել, նստել, պառկել, վանկարկել ցանկացած կարգախոս եւ այլն: Ոստիկանության պարտականությունն է, որ, ասենք, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի երկրպագուների միջեւ բախումներ չլինեն, կամ ենթադրենք, ռեժիմի դեմ պայքարողները չխանգարեն օպերայի շրջակայքում պարզապես զբոսնողներին, ում վերոհիշյալ երկու գործիչները, ռուսերեն ասած, по барабану: Ինչպես դա անել ` ոստիկանության պրոֆեսիոնալիզմի խնդիր է: Բայց երբ ոստիկանությունը դուրս է գալիս իր պարտականությունների շրջանակից եւ երկրի քաղաքական ղեկավարությունից հրահանգ է ստանում խոչընդոտել ընդդիմության երիտթեւի խաղաղ ակցիաները` դա արդեն կապ չունի ոչ հասարակական կարգի, ոչ էլ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետ: Առավել դատապարտելի է այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողների հանդեպ հետապնդումը: Նույնիսկ պատերազմի ժամանակ թղթակիցներին, նկարահանողներին ձեռք չեն տալիս` նրանց խանգարել արգելված է բոլոր գրված եւ չգրված օրենքներով»:

«Ժամանակ» օրաթերթը գրում է. - «Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն երեկ ցանկացել է հայտարարություն տարածել նախօրեին ձերբակալված 21-ամյա լրագրող Անի Գեւորգյանի վերաբերյալ, սակայն Հայաստանի իշխանություններին ուղղված կազմակերպության հարցման պատասխանում պատկան մարմինները փոխանցել են, թե իբր Անին հայտնի միջադեպին ներկա է եղել ոչ թե որպես լրագրող, այլ որպես ցուցարար: Այսպիսով, Հայաստանի իշխանությունները փորձել են այնպես ներկայացնել, թե իբր Անիին մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ չեն ձերբակալել: Ավելին` Հայաստանի իշխանությունները փոխանցել են նաեւ, թե իբր Անիին արդեն ազատ են արձակել: Այդ մասին երեկ «ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Լրագրողների պաշտպանության կոմիտեի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի մասնագետ Մուզաֆար Սուլեյմանը»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հայաստանի իշխանությունները եւ համապատասխան պետական մարմինները շարունակում են լռության մատնել Մարտի 1-ի իրադարձությունները ուսումնասիրող Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի` մայիսի 18-ին հրապարակած վերջին զեկույցում բերված փաստերը»: Այս առթիվ թերթը զրուցել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ: Նա ասում է. - «Ես կարծում եմ, այս զեկույցը շատ դժվար կացության մեջ է դրել ե'ւ իշխանություններին, ե'ւ հատկապես այն պետական կառույցներին, որոնք ներգրավված են եղել Մարտի 1-ի դեպքերում, հատկապես Պաշտպանության նախարարությանը: Դժվար կացության մեջ են հայտնվել նաեւ Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը, քանի որ նրանք ի սկզբանե փորձել են առաջ տանել իշխանական վարկածը, որ իբր ընդդիմությունը ապօրինի գործողություններ են ձեռնարկել, իբր փետրվարյան ընտրություններից հետո ընդդիմությունը ցանկացել է բռնությամբ իշխանություն զավթել, եւ նախագահը ստիպված արտակարգ դրություն է հայտարարել: Ես չեմ կարծում, որ Գլխավոր դատախազությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը կարող են անկաշկանդ եւ նույնիսկ ձեւական քննարկման առարկա դարձնել վերոհիշյալ զեկույցը: Փաստերը ձեւական քննությամբ չեն կարող հերքել: Հետո, եթե մի բան քողարկեն, ապա մի ուրիշ տեղից ինչ-որ բան պետք է վերցնեն, հետո կբացվի այնտեղը, որտեղից վերցվածով պետք է փորձեն քողարկել այս մեկը»:

«Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ «Ես հաղթահարում եմ ճգնաժամը» ուսանողական ռեֆերատների մրցույթում հաղթող ճանաչված տասը ուսանողների հետ հանդիպմանը բավական ուշագրավ հայտարարություններ է արել։ Նա ասել է, թե Հայաստանի տնտեսության այս տարվա զարգացումներն իրեն հնարավորություն են տալիս ենթադրել, որ Հայաստանի մասով իրականանում է տնտեսագետ Նուրիել Ռուբինիի սցենարը, ըստ որի` երկրները որոնք լուրջ անկում են արձանագրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի արդյունքում, այս տարի կարձանագրեն նաեւ կտրուկ վերականգնում։ «Եթե մենք անցած տարի արձանագրել ենք 14,2% անկում, որը պայմանավորված էր հիմնականում արտաքին գործոններով, ապա այս տարվա հինգ ամսվա անթացքում ունենք տնտեսության կտրուկ վերականգնում», - նշել է նա։

«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ մայիսի 14-ին կառավարության բարեգործական ծրագրերի հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Նվերներ Հայաստանի երեխաներին» ծրագիրը. - «Ըստ այդմ` հայ երեխաներին հասցեագրված 40 հազար տուփ նվերները հնարավոր է հետ ուղարկվեն, քանի որ կառավարության որոշումից հետո նվերների մաքսազերծման համար Երեւանի Ավետարանչական եկեղեցուց Պետեկամուտների կոմիտեն պահանջում է 20-30 հազար դոլար: «Առաջին անգամ է, որ անկախ պետությունը այս 15 տարիների ընթացքում խոչընդոտում է բարեգործական ակցիան: Կամ նվերները ետ են գնալու Անգլիա, Գերմանիա, Իռլանդիա, Ավստրիա, կամ պետք է հարկեր վճարենք, որ մնա», - ասել է «Քրիստոնեական մշակութային միջազգային ծառայություններ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ Լեւոն Պարտագչյանը»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Դաշնակցության բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ռուս-թուրքական մերձեցումը կարո՞ղ է բերել 18-21թթ. նախադեպի կրկնությանը, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան մեր հաշվին լուծեցին իրենց խնդիրները՝ Ղարաբաղը եւ Նախիջեւանը դնելով երկկողմ հարաբերությունների կարգավորման զոհասեղանին»։ Մկրտչյանն արձագանքում է. - «Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ ռազմավարական համագործակցության վրա։ Հայ-ռուսական բարեկամությունը անցել է պատմության փորձությունը, իրեն արդարացրել է եւ համապատասխանում է երկու երկրների երկարաժամկետ շահերին։ Ռուսները պետք է հասկանան՝ մեր ժողովուրդը կա՛մ Արցախում պիտի հաղթի եւ հասնի բացարձակ հաջողության, կա՛մ այլեւս չի կարող ունենալ այն դերակատարությունը, որ պահանջում է Ռուսաստանի երկարաժամկետ շահը այս տարածաշրջանում։ Սա հայ-ռուսական հարաբերությունների բանալին է, եւ Ռուսաստանի քաղաքական վերնախավը սա հիանալի գիտակցում է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG