Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Գործընթացը կշարժվի առաջ, երբ Թուրքիան կհարգի պայմանավորվածությունները»


Հայ - թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացը կշարժվի առաջ, երբ թուրքական կողմը պատրաստ կլինի հարգել պայմանավորվածությունները` առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել ստորագրված արձանագրությունները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կանադայի արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարար Լոուրենս Քենոնի հետ երեկ Օտտավայում կայացած հանդիպման ժամանակ:

Քենոնը, իր հերթին, նշել է, որ Կանադան ողջունում է բոլոր ջանքերը, որոնք կբերեն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը:

Հայ - կանադական առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում գործում են կանադական կապիտալով շուրջ երկու տասնյակ ընկերություններ, եւ համատեղ ջանքերով դրանց թիվը կարող է ավելանալ:

Հայաստանի եւ Կանադայի արտգործնախարարները անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման հարցերին, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման խնդիրներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` վերջին մեկ տարվա ընթացքում կայացել է Հայաստանի եւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հինգ հանդիպում:

Օտտավա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը երեկ հանդիպել է նաեւ Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փիթեր Միլիքենի, Կանադա - Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող անդամների, Կանադայի քաղաքացիության, ներգաղթի եւ բազմամշակութայնության նախարար Ջեյսոն Քենիի, ինչպես նաեւ կանադահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Փիթեր Միլիքենի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Կանադայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG