Մատչելիության հղումներ

Վանաձորում մասնագետները քննում են էկլերից թունավորման վարկածը


Սննդային թունավորման ախտանիշներով Վանաձորի տարբեր թաղամասերի տարբերի տարիքի 26 մարդիկ տեղափոխվել են ինֆեկցիոն հիվանդանոց: Հիվանդները, որոնք Վանաձորի տարբեր թաղամասերի բնակիչներ են, նշում են, որ անցած օրերին քաղաքի տարբեր խանութներից «էկլեր» կոչվող միջին չափի թխվածքաբլիթներ են գնել ու ուտելուց հետո նրանց ինքնազգացողությունը վատացել է:

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, մարզի գլխավոր վարակաբան Ռոբերտ Չիլինգարյանը հիվանդների վիճակը գնահատում է միջին ծանրության՝ նշելով, թե նրանց վիճակը գնալով լավանում է:

Մարզի գլխավոր սանիտարական բժիշկ Կարինե Միրզոյանը նշում է, որ լաբորատոր հետազոտության են ուղարկել ոչ միայն հիվանդներից մեկի տանը վերցված էկլերի մի մասը, այլեւ խանութների էկլերները, ինչպես նաեւ քաղաքում վաճառվող հավի ձուն, որը վերջին օրերին Լոռու մարզի գրեթե բոլոր քաղաքներում վաճառվում է, հատուկ էժանացված գնով՝ 25 դրամով:

Լաբորատոր հետազոտությունների պատասխանները մի քանի օր անց կհստակեցնեն, թե կոնկրետ որ սննդատեսակն է սննդային թունավորումների պատճառ դարձել:

Իսկ առայժմ մասնագետներն հետազոտության են ենթարկում ոչ միայն խանութներից վերցված էկլերի նմուշներն ու ձուն, այնպես էլ Վանաձորում հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող «Մոնամարի» ՍՊԸ-ի արտադրած էկլերը: Հակահամաճարակային տեսչությունն անորոշ ժամանակով կասեցրել է այս ընկերության գործունեությունը:
XS
SM
MD
LG