Մատչելիության հղումներ

Հանրային խորհուրդը դեմ է օտարալեզու դպրոցների մասին օրինագծին


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց, որ խորհուրդը դեմ է արտահայտվել օտարալեզու դպրոցների բացելու մասին կառավարության առաջարկած նախագծին, եւ միաձայն ընդունած որոշումը ուղարկել է Հայաստանի նախագահին:

Ըստ Մանուկյանի, Հանրային խորհրդի որոշման մեջ նշված է, որ «այդ մոտեցումները, որոնք արտահայտված են եղել այդ փաստաթղթի մեջ, չեն համապատասխանում մեր պետական եւ ազգային շահերին»:

Թե' Հանրային խորհուրդը, թե' դրա նախագահը դեմ չեն օտար լեզուների խորացված դասավանդմանը, բայց խնդիրը, Մանուկյանի խոսքով, բոլորովին այլ է, քանի որ «մեզ համար կրթական համակարգը նույնչափ կարեւոր է, որչափ եւ բանակը, որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի կարեւոր». - «Եվ ուրեմն մեր պետական շահերից է բխում կրթական համակարգի բարելավումը, բայց ոչ այդ կերպ, ինչպես առաջարկում է Կրթության եւ գիտության նախարարը»:

Վազգեն Մանուկյանը նաեւ ասաց, որ Հանրային խորհուրդը գոհ չէ Հայաստանի կրթական համակարգից, եւ ժամանակին առաջարկել էր ստեղծել մի քանի աշխատանքային խմբեր, որոնք չեզոք հետազոտությունների կկատարեին ու կներկայացներին կառավարությանը, թե ինչ ուղղությամբ եւ ինչ փոփոխություններ պետք է անել, որ կրթական համակարգը համապատասխանի մեր ազգային պետական շահերին եւ միջազգային չափանիշներին:

«Այդ ժամանակ մեզ համար անսպասելի առաջարկվեց օտարալեզու դպրոցների ստեղծում Հայաստանում: Ես կարծում եմ, որ մենք փորձում էինք մի քայլ առաջ գնալ, [իսկ] դա մի քայլ է դեպի անդունդ: Ամբողջ նախկին ժամանակաշրջանում, երբ հայերը պետություն չեն ունեցել, բոլոր շարժումների ժամանակ՝ լիներ դա 88 թիվը, լիներ 19-րդ դարի սկիզբը, մեր մտավորականությունը, մեր հասարակությունը միշտ կապել է իրար հետ երկու գաղափար՝ անկախ պետություն, ազգային դպրոց: Եվ մեր հակառակորդներն էլ, միշտ մեր դեմ պայքարելիս, առաջին կետը, որով մեզ փորձել են հարվածել, դա եղել է ազգային դպրոցը: Այսինքն, պայքարը դպրոցների համար դա պայքար էր ինքնության համար, պայքար էր անկախության համար»:

Վազգեն Մանուկյանը բնավ համամիտ չէ նախագծի հեղինակների այն փաստարկներին, թե գլոբալիզացիայի պայմաններում մենք չունենք որակյալ մասնագետներ, որոնք տիրապետում են օտար լեզուների, ուստի պետք է օտարալեզու դպրոցներ հիմնել:

«Բացարձակապես սուտ», - ասաց Մանուկյանը՝ փաստարկելով, որ ամեն տարի հարյուրավոր ուսանողներ ընդունվում են լեզուների գծով մագիստրատուրա տարբեր բուհերում, սովորում Ամերիկյան, Սլավոնական համալսարաններում՝ փայլուն տիրապետելով այս կամ այն լեզվին: Տասնյակ ուսանողներ էլ, նրա խոսքով, արտասահմանյան բուհերն ավարտելով, որպես հրաշալի մասնագետներ գալիս են Հայաստան, բայց աշխատանք չեն գտնում:

«Իմ շրջապատի երեխաների մեծ մասը չեն աշխատում՝ արտասահմանում ստանալով փայլուն կրթություն: Պրոբլեմն այն է, որ Հայաստանում իրենք աշխատելու տեղ չունեն», - հավելեց նա:

Հակադարձելով նախագծի հեղինակների հաջորդ փաստարկին, թե անգլերենին չտիրապետելը թույլ չի տալիս օգտվել ինտերնետից, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Հայաստանը այստեղ խայտառակ վիճակի մեջ է՝ 6 տոկոսն է միայն օգտվում [ինտերնետից]: Մենք հետ ենք Ադրբեջանից, Վրաստանից... Բայց պատճառն ուրիշ տեղում է՝ ինտերնետը Հայաստանում շատ թանկ է, շատ անորակ է: Բայց դրանից ավելի կարեւոր բան՝ ինտերնետը կենսական անհրաժեշտություն չի Հայաստանում»:

Արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է, ի վերջո, կառավարության նման նախաձեռնության պատճառը, Վազգեն Մանուկյանը ասաց. - «Մի քանի դրդապատճառներ կային միգուցե: Ես չեմ իմանում: Կներեք, ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց այս ծրագրի մեջ կա գավառամտություն: Գավառամտությունն այն է, որ դու քեզ համարում ես երկրորդ սորտի մարդ, ու գիտես, որ քո լեզվով դու ոչ մի բանի չես հասնի, պետք է դու ձեւ անես, որ անգլիացի ես, ձեւ անես, որ ռուս ես»:

Արտահայտելով ոչ միայն Հանրային խորհրդի նախագահի ու Ազգային ժողովրդավարական միության առաջնորդի, այլեւ իր անձնական կարծիքը՝ Վազգեն Մանուկյանը կոչ արեց կառավարությունը հետ վերցնել նախագիծը:

Կրթության եւ գիտության նախարարության մշակած օրինագիծը լուրջ քննարկումներ է հարուցել հասարակության մեջ: Տարբեր են նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների կարծիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG