Մատչելիության հղումներ

Դատարանի պատուհանից դուրս նետված քաղաքացին մահացել է


Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան

Երեքշաբթի երեկոյան հիվանդանոցում մահացել է մայիսի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի երկրորդ հարկի պատուհանից դուրս նետված քաղաքացին՝ Գագիկ Ղազարյանը:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ, Ղազարյանը մեղադրվում էր խոշոր չափով թմրամիջոցների, հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության մեջ: Նախկինում երկու անգամ դատապարտվել է նույն արարքի համար: Ձերբակալվել էր մայիսի 14-ին:

Մայիսի 17-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը փակ նիստում բավարարել էր Գագիկ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը, ինչից հետո Ղազարյանը դահլիճի պատուհանից փորձել էր փախուստի դիմել, սակայն վայր էր ընկել ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

«[Այդ պահին] դատարանի կազմից նիստերի դահլիճում ոչ ոք չի եղել», - հավելեց Ենգոյանը: - «Կազմը [նախագահող դատավորը եւ քարտուղար] դուրս է եկել, բարձրացել վերեւ՝ իրենց աշխատասենյակ, եւ մոտավորապես 5-10 րոպե հետո դեպքն է տեղի ունեցել»:

Դեռեւս չի հրապարակվում, թե դեպքի պահին, բացի ուղեկցող ոստիկաններից, ովքեր են եղել դահլիճում, ինչու ոստիկանները չեն կարողացել կանխել դեպքը, եւ ով է պատասխանատվություն կրելու դրա համար:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ դեպքի առիթով նշանակվել է ծառայողական քննություն, իսկ քրեական գործի նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG