Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ի հանդիպումները Գյումրիում նախընտրական քարոզչություն են հիշեցնում


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Գյումրին, ավելի ճիշտ՝ գյումրեցի ընտրողները վերջին օրերին հայտնվել են քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Իշխանական ու ընդդիմադիր կուսակցությունները, մեկը մյուսին հերթ չտալով, հանդիպումներ են անցկացնում Գյումրիում ՝ խոսելով հիմնականում ընտրություններից: Երեքշաբթի օրը հանդիպումներ անցկացրեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր գրեթե բոլոր ելույթներում խոսում էր ընտրություններից, եւ տպավորությունն այնպիսին էր, թե մեկնարկել է նախընտրական քարոզարշավը:

«Մեծամասնությունը մեղավորը ժողովուրդն է: Եթե մարդը 5 հազար դրամ վերցնում է, գնում է, եսիմ, ուրիշ կողմ է քվեարկում... դա ապագայի խնդիր չէ; Դրանով ո'չ երջանկություն, ո'չ բարեկեցություն կլինի: Այլ, ամենակարեւորը՝ ով կարող է դա անել, նա' պետք է անի: Գնացե'ք, ընտրե'ք նրան, ով դա կիրականացնի, ով միշտ իր խոսքը գործ է դարձրել», - ելույթներից մեկում ասաց Ծառուկյանը՝ նաեւ ընտրություններին ակտիվ մասնակցելու կոչ անելով. - «Բոլոր քաղաքացիները, անկախ կուսակցական պատկանելությունից, պետք է մասնակցեն ընտրություններին: Ամեն մեկը պետք է ընտրություններին գնա, մասնակցի»:

Հարցին, թե ինչով է պայմանավորված կուսակցության նման ակտիվացումը, Ծառուկյանը հակադարձեց. - «Բայց ի՞նչն է, օրինակ, ակտիվ... Դեռ ակտիվությունը հետո վերջում կտեսնեք, ակտիվ դեռ չենք: Ընտրությունը լինելու է իր ժամանակին»:

«Եթե Սամվել Բալասանյանը իր ցանկությամբ ընդգրկվել է մեր կուսակցություն, մենք չգա՞նք մարդու հետ հանդիպելու, իր թիմի հետ հանդիպելու: Ակտիվությունը լինելու է ընտրություններից առաջ, իր ժամանակին՝ 2012 թվականի ընտրություններից առաջ», - հավելեց նա:

Այսօր պաշտոնապես հայտարարվեց, որ Սամվել Բալասանյանը դարձել է «Բարգավաճ Հայաստան»-ի փոխնախագահ:

Հարցին, թե ինչու 2007-ին «Օրինաց երկիր»-ից դուրս գալուց հետո անկած պատգամավորը կրկին կուսացական դարձավ, Բալասանյանը պատասխանեց. - «Շատ առաջարկություններ եղան տարբեր կուսակցությունների կողմից, բայց մեր թիմով որոշեցինք անդամագրվել «Բարգավաճ Հայաստան» քաղաքական կառույցում: Ես, անկախ պատգամավոր լինելով, շատ նախաձեռնություններ ունեմ, որոնք շրջանառության մեջ են, եւ անհրաժեշտ էր, որ ունենայի թիմ, որը ձայն տար, եւ կարողանայի այդ թիմի միջոցով, կապված Գյումրի քաղաքի հետ, աղետւ գոտու հետ եւ ընդհանրապես շատ խնդիրներ լուծել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG