Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ 2009 թվականի Հայաստանի նախագահի մրցանակների հանձնման արարողությունը


Սերժ Սարգսյանը մրցանակակիների հետ: 13-ը մայիսի, 2010 թ.
Սերժ Սարգսյանը մրցանակակիների հետ: 13-ը մայիսի, 2010 թ.

Հայաստանի նախագահի նստավայրում հինգշաբթի օրը Սերժ Սարգսյանը գիտության եւ արվեստի գործիչներին հանձնեց 2009 թվականի նախագահական մրցանակները:

«Այսօր ինձ համար առանձնապես հաճելի է կատարել այս պարտականությունը, քանի որ այս մրցանակաբաշխությունը հոբելյանական է», -իր խոսքում ասաց Սերժ Սարգսյանը: - «Մենք արդեն 10-րդ անգամ է, որ Հանրապետության նախագահի մրցանակ ենք շնորհում մեր գիտության ու արվեստի արժանավոր ներկայացուցիչներին»:

Նախագահը հիշեցրեց, որ 10 տարի առաջ ֆրանսահայ բարերարներ Ժան եւ Ալբեր Պողոսյանների նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ է հիմնվել Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը մշակույթի, արվեստի եւ գիտության բնագավառներում: Մրցանակը, Սերժ Սարգսյանի խոսքով, «կանոնավորապես խրախուսում է դափնեկիրներին եւ հասարակության առանձնահատուկ ուշադրությունն է հրավիրում արվեստի եւ գիտության զարգացմանը»:

Հանրապետության Նախագահի 2009 թվականի մրցանակի են արժանացել գիտության եւ արվեստի մի խումբ գործիչներ բնական եւ հումանիտար գիտությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, բժշկագիտության, արվեստի ու գրականության, մի շարք այլ բնագավառներում:

Երկու մրցանակ էլ շնոհվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց: 2009 թվականին մրցանակ է շնորհվել Վիլյամ Շաբասին (Իռլանդիա, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման եւ դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար, եւ Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա, Շվեյցարիա - Հայաստան ասոցիացիայի նախագահ)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու եւ դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար:

«Կարծում եմ, բոլորիս համար էլ ակնհայտ են այս ասպարեզում արձանագրվող մեր հաջողությունների կարեւորությունն ու արդիականությունը», - ընդգծեց Սերժ Սարգսյանը:

«Անցել է Ժամանակը, երբ հայ ժողովուրդը եւ թուրքական ժողովուրդը իրար հանդեպ ատելությամբ խնդրին մոտենան: Սակայն մենք ոչ մի ձեւով չպետք է հետ կանգնենք մեր իրավունքներից: Սա պահանջում է լուրջ աշխատանք եւ լուրջ համագործակցություն: Ուստի մենք խնդրում ենք եւ հուսով ենք, որ այս շատ սիմվոլիկ պարգեւատրմանը հետեւեն շատ կոնկրետ այլ քայլեր նախագահի կողմից, կառավարության կողմից, որոնք կարողանան կոնկրետ ձեւով աջակցել մեր կազմակերպության գործունեությանը», - մրցանակը ստանալիս ասաց Սարգիս Շահինյանը:

Գրականության գծով մրցանակը հանձնվեց Վահագն Մուղնեցյանին՝ «Տաբու» վեպի համար: Արվեստի բնագավառում նախագահի մրցանակը ստացան ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը՝ Աշտարակ քաղաքում տեղադրված Ներսես Աշտարակեցու հուշարձանի համար: Հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում մրցանակը հանձնվեց Երեւանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանին՝ հայկական խաչքարին նվիրված մենագրության համար:

Այսօր հանձնվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակները արվեստի բնագավառում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG