Մատչելիության հղումներ

Երեւանում մեկնարկեց Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության 27-րդ համաժողովը


Երեւանում ապրիլի 13-ին մեկնարկեց ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը։

Երկօրյա համաժողովին մասնակցում են Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 45 երկրներից 160 ներկայացուցիչներ։
Բացելով համաժողովը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը կարեւորեց համաժողովի դերը տարածաշրջանային ծրագրերի իրագործման տեսակետից։

«Այսօր մենք համաժողովի շրջանակներում հնարավորություն ունենք քննարկել տարածաշրջանի համար այնպիսի հրատապ եւ կարեւոր հարցեր, ինչպիսիք են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, անասնաբուծությունը, գյուղի զարգացումը եւ եկամուտների այլընտրանքային աղբյուրները, կլիմայի փոփոխությունների ազդեցությունը գյուղատնտեսության վրա, ինչպես նաեւ գյուղական տարածքներում գենդերային խնդիրները», - իր խոսքում ասաց Գերասիմ Ալավերդյանը։

ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղար Ժակ Դյուֆը, մասնավորապես, ասաց. - «Եվրոպական տարածաշրջանային այս համաժողովը առաջին անգամ է անցկացվում մի երկրում, որը հանդիսանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական օժանդակության շահառուներից մեկը։ Սա վառ վկայությունն է այն հսկայական առաջընթացի, որ արձանագրվել է այս տարածաշրջանը ներկայացնող նոր անդամ պետություններին մեր կազմակերպության գործունեության եւ ղեկավարման մեջ ինտեգրելու գործում։

Ժակ Դյուֆի տվյալներով, 2009 թվականին սովյալ մարդկանց թիվն աշխարհում ավելացել է 105 միլիոնով եւ հասել 1 միլիարդի։ Աղքատության աճին նպաստել է նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը։

«Վերջին 50 տարիների պատմությունը մեզ ասում է, որ գյուղատնտեսության երկարաժամկետ աճը աղքատության եւ պարենային անապահովության կրճատման համար անփոխարինելի պայման է», - հայտարարեց Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղար Ժակ Դյուֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG