Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցությունների էությունը»


Ադրբեջանը խեղաթյուրում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների էությունը, երեքշաբթի օրը Ստրասբուրգում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորմանը` Հայաստանի արտգործնախարարը ասել է. - «ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների` անցյալ դեկտեմբերին Աթենքում ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը` որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ: Նույն սկզբունքներն ընկած են 2007 թվականին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում: Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավել հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչեւ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրեւ թե ընդունում են այն` որոշ բացառություններով»:

«Եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին` ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ` իրենց կամայական ներկայացմամբ: Ադրբեջանը ոչ միայն շարունակում է խեղաթյուրել հակամարտության պատճառներն ու հետեւանքները, այլ նաեւ ընթացող բանակցությունների էությունը ու օգտագործում է ցանկացած հնարավորություն բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար», - ընդգծել է Նալբանդյանը:

«Ելնելով նախորդ տարիների փորձից, ակնհայտ է, որ ադրբեջանական բոլոր ճիգերը` հիմնախնդիրը արծարծելու այլ միջազգային հարթակներում եւ դրանով ազդելու Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների վրա, ապակառուցողական են», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը` վստահեցնելով. - «Չնայած Ադրբեջանի կողմից կարգավորման ճանապարհին ստեղծվող բոլոր խոչընդոտներին` Հայաստանը հաստատակամ է շարունակելու ջանքերը բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ»:

Հայ - թուրքական հարաբերությունների առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը ասել է. - «Հայաստանի նախագահի նախաձեռնությունն էր կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Չնայած բազմաթիվ դժվարություններին, մենք սկսեցինք գործընթացը Շվեյցարիայի միջնորդությամբ, վարեցինք բանակցությունները եւ ստորագրեցինք արձանագրությունները այն ընդհանուր փոխըմռնմամբ, որ կարգավորման գործընթացում չեն կարող լինել նախապայմաններ: Այս դիրքորոշումը կիսում են միջնորդ եւ աջակից երկրները եւ ամբողջ միջազգային հանրությունը: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան վերադարձավ նախապայմանների լեզվին, որն օգտագործում էր գործընթացի մեկնարկից առաջ եւ փաստորեն արգելափակեց թուրքական խորհրդարանում արձանագրությունների վավերացումը: Այդ իսկ պատճառով Հայաստանի նախագահը որոշեց կասեցնել վավերացման գործընթացը Հայաստանում, մինչեւ Անկարան նորից պատրաստ լինի շարունակել գործընթացը առանց նախապայմանների, եւ այդ քայլը դրական ընկալվեց միջազգային հանրության կողմից»:

Ստրասբուրգում Հայաստանի արտգործնախարարը նաեւ հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյորն Յագլանդի եւ Սլովենիայի արտգործնախարար Սամուել Զբոգարի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ավարտելով այցելությունը Ստրասբուրգ` Հայաստանի արտգործնախարարը ուղեւորվել է Բրյուսել:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG