Մատչելիության հղումներ

Եվրամիությունը ընկերակցային համաձայնագրեր կառաջարկի հարավկովկասյան 3 երկրներին


Շուրջ մեկ տարի շարունակված քննարկումներից հետո Եվրամիության 27 անդամ երկրների արտգործնախարարները ապրիլի 10-ին համաձայնեցին հարավկովկասյան երեք երկրների հետ պաշտոնական բանակցություններ սկսել ընկերակցային համաձայնագիր կնքելու շուրջ։

Այս փաստաթուղթը եվրոպական ընտանիքին լիարժեք անդամակցություն չի խոստանում, սակայն մի շարք շահավետ հնարավորություններ է բացում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի առջեւ։ Բանակցությունների բարեհաջող ընթացքի եւ համաձայնագրի ստորագրման դեպքում, մասնավորապես, տարածաշրջանի երկրները կստանան լուրջ ֆինանսական ու տեխնիկական օգնություն, գործարարները՝ անարգել եվրոպական շուկաներ մուտք գործելու, քաղաքացիները՝ առանց մուտքի վիզայի Եվրոպա մեկնելու հնարավորություն։

Բանակցություններ սկսելու վերաբերյալ Եվրամիության գործադիր թեւին՝ Եվրահանձնաժողովին, տրված մանդատը, սակայն, միայն առաջին քայլն է։ Բուն բանակցությունները կարող են մի քանի տարի շարունակվել։ Շատ բան կախված է համաձայնագրին ձգտող երկրների իշխանություններից, Եվրամիության պահանջներն ու առաջարկվող բարեփոխումները իրագործելու պատրաստակամությունից։

«Բանակցությունների բարեհաջող ընթացքի եւ համաձայնագրերի կնքման դեպքում Հարավային Կովկասի երկրների առջեւ կբացվի Եվրամիությանը աստիճանաբար տնտեսապես ինտեգրվելու հեռանկարը», - հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացը երեք երկրներից յուրաքանչյուրի հետ տարվելու է առանձին, եւ հաջողությունը կախված է լինելու դրանցից յուրաքանչյուրի ցուց տված ցուցանիշներից եւ արդյունքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG