Մատչելիության հղումներ

Արմեն Աշոտյանը ուսանողների բողոքը «կուսակցական» է որակել


Արձագանքելով մայիսի 6-ի ուսանողական երթից հետո կառավարությանը հանձնված նամակին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գրել է. «Իրականում երթի կազմակերպիչները «Ժառանգություն» կուսակցության անդամներն են», ինչը կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Դանիել Իոաննիսյանը հերքում է կտրականապես: Դանիելի կարծիքով` սա մտածողությյան խնդիր է, եւ Արմեն Աշոտյանը չի կարող պատկերացնել, որ կուսակցականը կարող է գործունեություն ծավալել կուսակցության դիրքորոշոււմից անկախ։

«Բազմաթիվ նախաձեռնողներից մեկը «ժառանգության» անդամ է, բայց կային նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ», - ասում է Դանիելը։

Նախաձեռնող խմբի անդամներից ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ուսանող Սոս Ավետիսյանը անկուսակցական է եւ բացառում է իր կապը «Ժառանգության» հետ: Սոսի համոզմամբ` սա քաղաքացիական հասարակության քայլ է, եւ ինքը չէր էլ մասնակցի, եթե այն կուսակցական ակցիա լիներ։

Տարբեր բուհերի ուսանողներին, ասպիրանտներին եւ դասախոսներին միացել է «Ազգային նոր պահպանողական շարժման» ուսանողական միությունը, որը մայիսի 14-ին ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց հանրահավաք է անցկացնելու:

«Եթե որոշումը կառավարությանն է, զարմանալի կլիներ, որ իշխանությանը հարող կուսակցությունների երիտասարդները մասնակցեին բողոքի ակցիաներին, քանի որ մեր երկրում նեղ կուսակցական մտածողությունն է իշխում», - մեկնաբանում է անկուսակցական Սոս Ավետիսյանը։

Տարկետման իրավունքով տեղերի համար պայքարող ակտիվիստները հիշեցնում են, որ «հայրենասիրությունը զենք վերցնելով չի չափվում» ու նշում, որ, օրինակ, թուրքագիտություն մասնագիտությանը մագիստրատուրայում այս տարի տարկետումով ընդամենը 1 տեղ է հատկացվել, մինչդեռ մասնագիտությունը, ըստ ուսանողների, ուղղակի կապված է ազգային անվտանգության հետ։

Նախորդ երեք ակցիաները ցույց տվեցին, որ ուսանողության լայն շրջանակին այս խնդիրն առհասարակ չի անհանգստացնում. երթերին մասնակցում են ընդամենը մի քանի տասնյակ ակտիվիստներ, մինչդեռ մի քանի տարի առաջ, երբ առաջարկվում էր փոփոխություն կատարել զինապարտության մասին օրենքում եւ 18 տարին լրացած բոլորին բանակ զորակոչել, բուհերում զանգվածային դասադուլ սկսվեց: «Այն ժամանակ շահառուները շատ էին, ուսանողական խորհուրդները լիբերալ էին եւ աջակցում էին»,- պատճառաբանում է Սոս Ավետիսյանը։ Իրենք հավատում են, որ ժամանակ է պետք ուսանողների ուշադրությունը գրավելու համար:

Իսկ Արմեն Աշոտյանի նամակի առնչությամբ հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը, որում ասված է. «Զավեշտալի ենք համարում այն, որ «ժառանգությանը» ուսանողության հիմնախնդիրները շահարկելու մեջ անուղղակիորեն մեղադրում է ԿԳ նախարարությունը, որի աչալուրջ հսկողության ներքո տարիներ շարունակ տեղի է ունենում միջնակարգ եւ բարձրագույն կրթական հաստատությունների անսքող կուսակցականացում` տխուր հիշողություններ արթնացնող «կոմսոմոլացման» օրինակով»։

XS
SM
MD
LG